2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով անցնող վկա Արման Մնացականյանի զորացրման ժամկետն ավարտվել է այս տարվա դեկտեմբերի 4-ին, սակայն նրան դեռևս չեն զորացրում:
Այսօր կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանն ասել է, որ իրենք պարզել են` «Զինապարտության մասին» օրենքով ժամկետային զորակոչիկը կարող է ծառայել միայն 24 ամիս, նրա ծառայությունը կարող է երկարաձգվել երկու ամսով միայն կառավարության որոշմամբ և մեկ ամսով միայն պաշտպանության նախարարի որոշմամբ:
«Հիմա ես չգիտեմ` Պաշտպանության նախարարի որոշում կա, թե ոչ, համենայնդեպս ամսի 4-ին լրացել էր նրա ծառայության ժամկետը, ամսի 6-ին, երբ մայրս և պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հանդիպել են Պաշտպանության նախարարին ու ասել, որ գոնե այդ զորացրման հարցը պետք է լուծել, նախարարը հետաքրքրվել է, անունն է գրել: Այսինքն այդ պահի դրությամբ որևէ նշան ցույց չի տվել, թե ինքը տեղյակ է կամ հրաման է արձակել երկարաձգելու: Ասել է` «հա, եթե ժամկետը լրացել է, կզորացրվի, խնդիր չկա»: Իսկ երեկ դատի ժամանակ Արման Մնացականյանն էլի եկել էր ռազմական ոստիկանների ուղեկցությամբ, իր կամուֆլյաժը հագին ու ցուցմունք էր տալիս, ու չգիտեր էլ, թե երբ է զորացրվելու», – նշել է Նազարյանը:
Նա կարծում է, որ այս պահին պաշտպանության նախարարն անձամբ պատասխանատու է և’ գործի անաչառ քննության համար, և’ այն բանի համար, որ այդ զինվորը չի զորացրվում և պահվում է Ռազմական ոստիկանությունում:
Նազարյանի խոսքով` ակնհայտ է, որ Մնացականյանի վրա ճնշումներ են գործադրվում ռազմական ոստիկանության կողմից` ցուցմունքները տալու հարցում:
Նազարյանը նաև տեղեկացրել է, որ երեկվա դատի ժամանակ Մնացականյանը կրկին նշել է, որ իր ցուցմունքը քննիչն է գրել, սակայն հավելել է, որ իր մտքերն է գրել:
«Ասեցինք` շատ լավ, դե ասա ի՞նչ է գերակայություն, չգիտեր, ասեցինք` ի՞նչ է ֆուֆլո, գրած է, չգիտեր, ասեցինք` ձախ նախաբազուկը ո՞րն է, ասեց չգիտեմ: Հետո, երբ որ ես հարցրեցի` Հակոբ Մանուկյանը (գործով անցնում է որպես մեղադրյալ – խմբ.) խփել է քո ձախ նախաբազկին, ցույց կտաս որտե՞ղ է խփել, ասեց` այո, խփել է, և ցույց տվեց մեջքի հատվածը: Այսինքն մարդը չգիտի ձախ նախաբազուկը ինչ է, գերակայությունը ինչ է, ֆուֆլոն ինչ է, բայց ցուցմունքում` թելադրության դասերի ժամանակ լավ գրել է», – ասել է Ծովինար Նազարյանը:
Նշենք, որ Արման Մնացականյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ժամանակ, որ կկայանա դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին: