Home / Հայաստան / «Այնտեղ աչք չէր մնացել». Ինչու է ենթասպան հաշմանդամ դարձրել զինծառայողին (ՖՈՏՈ)

«Այնտեղ աչք չէր մնացել». Ինչու է ենթասպան հաշմանդամ դարձրել զինծառայողին (ՖՈՏՈ)

ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին վիրավորված Նարեկ Ավետիսյանի հետվերականգնողական շրջանը կտևի 10-15 օր: Այս մասին Epress.am-ի հետ զրույում ասել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային ախտաբանության բաժանմունքի վարիչ Գեորգի Գրիգորյանը:

Այս պահին երիտասարդն իրեն լավ է զգում, ընկերներն արդեն սկսել են այցելել նրան:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը հարվածել է շղթայով, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել է: Այս մասին Epress.am-ին փոխանցել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունից:

Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն, երբ 18-ամյա զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, ենթասպան այցելել է նրան և հորդորել, որ Ավետիսյանն ասի, թե իբր ինքը բանալիների խուրձը շպրտել է, իսկ երիտասարդը չի կարողացել որսալ, որի հետևանքով աչքն է վնասվել: Ենթասպայի` Ավետիսյանին շղթայով հարվածելու պատճառը եղել է այն, որ Թովմասյանը պահանջել է զինծառայողից վերակարգի անցնել (նարյադ փակել) ճաշարանում, իսկ վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ ինքը նոր է եկել դիրքերից, որտեղ երկու շաբաթ է անցկացրել և 20 կիլոմետր քայլել է:

Երիտասարդին Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխել են Մալայանի անվան կենտրոն, որտեղ նա երեկ վիրահատվել է: Գեորգի Գրիգորյանը հաղորդել է, որ զինծառայողի աչքը հնարավոր չի եղել պահել, որովհետև «այնտեղ աչք արդեն չկար», հարվածը եղել է շատ ուժեղ: Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, որպեսզի հետագայում հնարավոր լինի պլաստիկ վիրահատության դիմել և մշտական պրոտեզ տեղադրել: Այն կշարժվի, սակայն բնական է, որ տղան մեկ աչքի տեսողությունից զրկված կլինի ամբողջ կյանքում:

Նշենք, որ այսօր փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը «պաշտոնի չարաշահում» հոդվածով քրեական գործ է հարուցել, Արմեն Թովմասյանը ձերբակալված է:


Լուսանկարները տրամադրել է Հելսինկյան ասոցիացիան