Նախօրեին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ավետիսյանը զորակոչվել էր այս տարվա գարնանը:
Նարեկի հորեղբոր որդին պատմել է թերթի լրագրողին, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 08:00-ին զորամասի ճաշարանում:
«Նարեկը 14 օր դիրքերում էր: Հենց այդ օրն էր իջել դիրքերից ու առավոտյան գնացել ճաշարան: Չգիտենք, թե ինչ էր եղել, բայց էդ սպան բանալիների խրձով ուժեղ հարվածել է, և այդ հարվածից Նարեկի աչքը թափվել է», – պատմել է տուժածի հորեղբոր որդին:
«ՀԺ»-ին հաջողվել է պարզել, որ զինծառայողի աչքին հարվածողը «Եղնիկներ» զորամասի զինծառայող ենթասպա Արմեն Թովմասյանն է:
Օրաթերթը նաև կապվել է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանին: Լսելով, որ հարցը վերաբերում է Նարեկ Ավետիսյանին, նա անջատել է հեռախոսը, ինչից հետո չի պատասխանել հեռախոսազանգերին:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Մերի Սարգսյանը տեղեկացրել է օրաթերթի լրագրողին, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, ռազմական ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստում: Այլ մանրամասներ Մերի Սարգսյանը չի հայտնել: