Հայաստանում իշխանությունը բարոյական իմաստով շատ սխալ բան է անում, բայց անում է այն, ինչ իշխանության օրենքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Իշխանությունն ասում է՝ ուզում ես ընդդիմադիր լինես, դարձիր, խնդիր չկա, հրաժարվիր ամեն ինչից, դարձիր ընդդիմադիր, ու թող քեզ էլ շոկով խփեն, քեզ էլ պառկացնեն, քառասուն հոգով գան, ձերբակալեն, տանեն, օդում կրակեն, կամ՝ սենց, կամ էլ նենց: Բա ո՞նց եք պատկերացնում՝ լավ ուտեք, լավ խմեք, լավ ներկայացնեք, հեռուստակայան ունենաք, նախարարներ ունենաք, մարզպետներ ունենաք, գործնական հնարվորություններ ունենաք, օգտվեք իշխանական լծակներից և դրա հետ միասին լինեք ընդդիմադի՞ր»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում՝ ոնց կարող էր մի օրվա մեջ պարզվել, որ երեք մարդ ԲՀԿ-ի կուսակցական տոմսով թմրանյութը գրպաններում ման են եկել:
Կարապետյանը որպես ապացույց բերել է Ռուսաստանում ընդդիմադիր համարվող Միխայիլ Պրոխորովին, ում, ըստ Կարապետյանի, լուրջ ընդդիմադիր համարել չի կարելի:
«Պրոխորովին իր ստեղծած «Արդար գործ» կուսակցությունից մեկուսացնելու համար Կրեմլից պահանջվեց ոչ ավել, քան հինգ օր: Ցանկացած օլիգարխ, ով կհամարձակվի դեմ գնալ իշխանությանը, կպատժվի իշխանությունների կողմից կիրառվող ամենախիստ միջոցներով, ուստի որևէ մեկը այդ քայլին գնալու համարձակություն չի ունենա», – նշել է բանախոսը:
Խոսելով «Պրոխորովին համարժեք» հայաստանյան օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մասին,Կարապետյանն հավաստիացրել է.
«Եթե Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր դառնալու պարագայում հայաստանյան իշխանությունները ԲՀԿ-ն նրանից կխլեն մեկ-երկու օրում, Կրեմլը դա արեց հինգ օրում»,- եզրափակել է նա: