Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զանգահարել է և զրուցել է Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանի հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանի հետ: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ սրճարանի բացօթյա մասը քաղաքապետարանի որոշման համաձայն ապամոնտաժվել է, և Գործունյանն այդ խնդրի առնչությամբ դիմել էր քաղաքապետին: Նա նշում էր, որ այդ հատվածը չի խանգարում փողոցի անցուդարձին:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը, քաղաքապետը հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ Գործունյանի և նրա սրճարանի դեմ ոչինչ չունի:
Մարգարյանը սրճարանի հիմնադրին ասել է` «մեկ-երկու ամիս համբերի և սրճարանը նորից կգործի»:
«Քաղաքապետն ինձ ասաց, որ իրենք Աբովյան փողոցում բարեկարգման աշխատանքներ են տանում և բոլոր ապօրինի կառույցները քանդում են: Ես նույնպես որպես քաղաքը սիրող մարդ կողմ եմ, որպեսզի քաղաքը բարեկարգվի և ապօրինի կառույցներ չլինեն: Հարգելով քաղաքապետի խոսքը և հույս ունենալով, որ այդ աշխատանքներից հետո քաղաքը իսկապես կսիրունանա` ես կսպասեմ: Լինելով սփյուռքահայ` ես մտածում եմ, որ քաղաքապետը սուտ չի խոսում», – ասել է Վալերի-Աշխեն Գործունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ իրենք սրճարանի ապամոնտաժման հետևանքով ֆինանսական դժվարությունների առջև են կանգնել: Գործունյանի խոսքով` բացօթյա սրճարանի պատեր հանդիսացող ցելոֆանները իրենք նոր էին կարել և փակցրել, բացի դա, այլ ծախսեր նույնպես արել էին, որպեսզի սճարանը գործի ձմռանը, և, եթե նա իմանար, որ սրճարանի աշխատանքն արգելելու են, այդ ծախսերը չէր անի: