Home / Հայաստան / Շառլ Ազնավուրն իրավունք ունի քննադատել իշխանություններին, որովհետև «ցեխ չի շպրտում»

Շառլ Ազնավուրն իրավունք ունի քննադատել իշխանություններին, որովհետև «ցեխ չի շպրտում»

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային փուլից աստիճանաբար անցնում է դեպի  կայունության փուլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Որպեսզի տպավորություն չստղեծվի, որ մենք շատ գոհ ենք վիճակից, պետք է ասեմ, որ այո’,  իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, և առաջին խնդիրը սոցիալական բևեռացվածությունն է,  որ անհանգստացնում է մեզ, բայց ամենակարևորը` իշխանությունները կարողացան  դրական հունի մեջ պահել տնտեսական զարգացումները, և մենք արդեն ունենք հստակ տնտեսական աճ: Հայաստանը` որպես տնտեսական ազատություններ  ապահովող երկիր, այդ ցուցանիշով լավագույններից է աշխարհում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այս տարի որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: Անդրադառնալով արտագաղթի ծավալներին, Շարմազանովը նշել է, որ դեմ է «ծայրահեղությունների մեջ ընկնելուն»:

«Իհարկե, խնդիրը կա, և խնդիրը մտահոգիչ է, բայց խոսել, որ Հայաստանը դատարկվում է և այլն… իրականում խոսում են էն մարդիկ, ովքեր մատը մատին չեն տալիս»,- ասել է Շարմազանովը:

Մեկնաբանելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի` արտագաղթի մասին հայտարարությունները` Շարմազանովն ասել է.

«Չեմ կարծում, որ Շառլ Ազնավուրն էն մարդն է, որի արտահայտած մտքերը պետք է շահարկման առարկա դարձնել: Շառլ Ազնավուրը մեծ հայ է, ազգային հերոս, և իրավունք ունի կարծիք հայտնել Հայաստանի խնդիրների, իրականացված քայլերի մասին: Բայց Շառլ Ազնավուրը հերքել է իրեն վերագրվող խոսքերը, և ես ավելացնելու բան չունեմ: Ես հարգանքով եմ վերաբերվում ազգային հերոսին և հարգանքով  եմ վերաբերվում բոլոր այն գնահատականներին, թեկուզ սուր քննադատական, որոնց նպատակը ոչ թե ցեխ շպրտելն է,  այլ ուղղելն է, շտկելն է, որպեսզի մեր հասարակությունը և մեր պետությունը ավելի զարգանա»: