Քաջարանցին այսօր ամբողջ հայ ազգի օգնության կարիքն ունի, նա պատրաստ է պահել քաջ-քաջարանցիներ անունը ու հանուն իրենց գյուղի, պապերի գերեզմանի ու երեխաների ապագայի պայքարել մինչև վերջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թռչկան» նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը: Վերջինս «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի և «էկոլուր» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանի հետ խոսել է Քաջարանում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ մարդիկ ցանկանում են թույլ չտալ, որպեսզի գյուղին կից հողերը հանձնվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ինչպես որ վճռել է ՀՀ կառավարությունը: Նրանք պնդում են, որ տվյալ հողերը հանքարդյունաբերության նպատակներով օգտագործելու դեպքում գյուղացիները ստիպված կլինեն հեռանալ այդտեղից: Նշենք, որ մի խումբ բնապահպան ակտիվիստներ անցյալ շաբաթ մեկնել էին Քաջարան` տեղացիներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով:
«Քաջարանում հանդիպեցինք հռչակավոր մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Սյունիքի մարզպետ – խմբ.), ով ի սկզբանե թշնամաբար դիմավորեց մեզ: Նա եկել էր մի քանի մեքենաների ուղեկցությամբ՝ մեզ մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Խեղճ մարդն ավելի լավ է կողմնորոշվում «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում (նկատի ունի այն միջադեպը, երբ Խաչատրյանն ապտակել էր գործարար Սիլվա Համբարձումյանին – խմբ.), քան սեփական մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ իշխում է: Խաչատրյան վեհ ազգանունը կրող այդ մարդը երկար ժամանակ չէր գտնում այն գյուղ տանող ճանապարհը, որն այդքան հեշտ պատրաստվում է տեղահանել», – ասել է Տիգրան Խզմալյանը:
Նա խոսել է հանքարդյունաբերության հետևանքով առաջացող խնդիրների մասին` նշելով, որ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպության հետազոտությունների համաձայն, գյուղում բնակվող երեխաների մազերում թույլատրելիից մի քանի անգամ շատ սնդիկ ու մկնդեղ են հայտանբերել:
Խզմալյանի խոսքով` ի տարբերություն մարզպետի և Հայաստանի իշխանությունների խնդրին բոլորովին այլ է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի մոտեցումն այս խնդրին:
«Նա ավելի խելացի է, քան մեր Հանրապետության նախագահը և ավելի շատ է գիտակցում, քան վարչապետը, մարզպետներն ու իրենց քաղաքական էլիտա համարող մարդիկ: Գյուղապետն ասում է, որ իրենք հարյուր հոգով հազար մարդ են պահում, դրա դիմաց իրենց առաջարկում են հարյուր աշխատատեղ, իսկ ով է պահելու այդ հազար մարդուն: Նա նաև ասել է, որ պատերազմական այս վիճակում` ինչպե՞ս կարելի է դատարկել գյուղը, և վերջապես` ո՞ւմ է պաշտպանելու մեր զինվորը», – նշել է Խզմալյանը:
Եղիա Ներսիսյանը հավելել է, որ մարզպետի կողմից բազմաթիվ սպառնալիքներ են հնչել իրենց հասցեին:
«Խաչատրյանը սպառնաց Մարիամ Սուխուդյանին, թե «զգույշ եղիր, հանկարծ հետդ վատ բան չպատահի», կամ այն, որ բռունցքով պատրաստվում էր խփել ինձ, ասես, «մարտական բոյի» էր պատրաստվում», – հայտարարել է Ներսիսյանը:
Նա պատմել է գյուղի վատթար վիճակի մասին` ընդգծելով, որ երկար ժամանակ է` ինչ կոմբինատի ջրի վթարման հետևանքով ամբողջ գյուղի տարարծքը սառցակալած է, ու վթարը վերացնելու համար մարզպետարանին ուղղված գյուղացիների բոլոր դիմումներն անտեսվել են:
«Սա ևս փաստում է, որ մարզպետարանի կողմից արվում է հնարավոր ամեն բան գյուղացիներին զզվեցնելու ու տեղահանելու համար», – ասել է «Թռչկան» նախաձեռնության անդամը:
Ներսիսյանի հավաստմամբ՝ անկախ փոխհատուցման չափից, ոչ ոք չի պատրաստվում զիջել իրենց պապերի հողերն ու շիրիմները:
«Մեզ հետ հանդիպման ընթացքում գյուղացիները շատ մեծ ոգևորությամբ ու «դուխով» դիմադրում էին մարզպետին, ինչը նախկինում երբեք չէին արել: Այս գյուղի բնակիչները միևնույն է պայքարելու են մինչև վերջ, պարզապես նրանք մեր սատարման կարիքն ունեն: Քաջարանը պետք է պահպանվի ոչ միայն իր մշակութային արժեքների համար, այլև սահմանամերձ լինելու փաստն է ստիպում ամեն կերպ փրկել այն: Սահմանին կանջնած զինվորը խրոխտ է, երբ մեջքի հետևում գյուղ կա և սա ամենակարևորն է», – նշել է Ներսիսյանը:
Բանախոսների հավաստմամբ՝ տպավորություններն ավելի դաժան են եղել, քան պատկերացրել են մինչ Քաջարան մեկնելը:
«Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները մեզ հետ հանդիպմանը նշել էին, որ հանրային գերակա շահ համարվող տարածքի համար իրենք որևէ բան անել չեն կարող: Գյուղացիները հստակ ասում են, որ իրենք չեն պատրաստվում զիջել իրենց տարածքները: Նրանք հավաստիացնում են, որ այդ որոշումն ընդունելիս իրենց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առել: Մեր կազմակերպության նպատակն է բոլորին լսելի ու հասանելի դարձնել այս մարդկանց ձայնը: Շուտով մենք հանրությանը կներկայացնեք չորս ժամ տևողությամբ թարմ ու լուրջ տեսանյութեր, կհրապարակենք այն ամենն, ինչ նկարահանվել է Սյունիքի մարզում վերջին օրերին», – ասել է ասուլիսի մեկ այլ մասնակից, «Էկոլուր» կազմակերպության անդամ Թեհմինե Ենոքյանը:
Լուսանկարը` Էկոլուր