Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավուօղլուն պատմությունը միակողմանի կերպով դատապարտելու և խոսքի ազատ արտահայտումը քրեականացնելու փորձ է որակում:
Այս մասին նա գրել է Today’s Zaman պարբերականում տպված իր հոդվածում:
«Տրամաբանությանս մեջ պարզապես չի տեղավորվում, օրինակ, երբ օրինագծի ընդունումից հետո, ես գնամ Փարիզ և իմ կարծիքն արտահայտեմ իմ երկրի պատմության մասին, ես, որպես արտգործնախարար տվյալ երկրի օրենքները խախտողի կարգավիճակում կհայտնվեմ, մի երկրում, որն այսքան ժամանակ ազատ խոսքի արտահայտման օրորոցն է համարվել: Կամ երբ Ֆրանսիայում բնակվող թուրքական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ դուրս գան փողոց «Ցեղասպանություն երբեք չի եղել» կարգախոսներով` բողոք արտահայտելով իրենց երկիրը պիտակավորելու փորձերի դեմ, ֆրանսիական իշխանությունները կարող են կանգնեցնել և դատապարտել հազարավոր մարդկանց: Այն փաստը, որ այս օրինագիծը պետք է քննարկվի ֆրանսիական խորհրդարանում դեկտեմբերի 22-ին, այն նույնը օրը, երբ թուրք դիվանագետ Յիլմազ Չոլպանը սպանվել է ԱՍԱԼԱ կազմակերպության հայ ահաբեկչի կողմից 1979 թվականին, անխուսափելիորեն հարց է բարձրացնում` արդյոք այս օրը հատուկ չէր ընտրված բավարարելու համար ահաբեկչական մտածողությունը, որը հանգեցրել էր մեր դիվանագետի սպանությունը», – գրում է Դավութօղլուն:
Դավութօղլուն վստահ է, որ այս օրենսդրական նախաձեռնությունն ի սկզբանե սխալ է, քանի որ այն պետությունը, որն իր ժողովրդին թելադրում է, թե նա ինչ չպետք է ասի հիմնվելով օրենքների և դոգմաների վրա, հասարակությանը թելադրում է նաև թե նա ինչ է պարտավոր ասել:
«Ահա թե որտեղ է թաքնված իսկական վտանգը: Ես դեռ ցանկանում եմ դիմել Ֆրանսիայի հասարակությանը և խորհրդարանին: Պատմությունը լռեցնելու փոխարեն, թույլ տվեք պատմական իրողություններին քննարկման առարկա դառնալ», – կոչ է արել ԱհմեթԴավութօղլուն:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը քննարկելու է «1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը»: Այն հավանության է արժանացել ստորին պալատում, իսկ Ֆրանսիայի կառավարությունն օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն չի տվել: