Սիրիայում դեկտեմբերի 20-ին մեկ օրվա ընթացքում 111 մարդ է զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Human Rights իրավապաշտպան կազմակերպության Սիրիայի ներկայացուցչության անդամների վկայությանը:
Իրավապաշտպանների խոսքով` երեքշաբթի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում գտնվող դաշտավայրում կառավարական զորքերը շրջափակման մեջ են վերցրել ապստամբների մի խումբ, ինչպես նաև մոտակա բնակավայրերի բնակիչներին, և հրաձգություն են սկսել: Մոտ երկու ժամ տևած կրակոցների հետևանքով դաշտավայրում գտնվող բոլոր ապստամբները սպանվել են, հայտնում է Reuters գործակալությունը:
Բացի դրանից, իրավապաշտպանները հաղորդել են, որ երեքշաբթի Սիրիայում սպանվել են կամ վիրավորվել 100 զինվորականներ, որոնք կամովի լքել են իրենց զորամասերը: Այսպիսով, իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, զոհերի քանակությամբ 2011 թվականի դեկտեմբերի 20-ը դարձել է «սիրիական հեղափոխության ամենաարյունոտ օրը»:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն 100 մարդկանց մահը «աննախադեպ ծավալների սպանություն է» անվանել` ընդգծելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ Սիրիայի վերաբերյալ խիստ բանաձև ընդունի, որը կոչ կանի դադարեցնել բռնաճնշումները»: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Սիրիայում տեղի ունեցածով, իսկ Արաբական երկրների լիգան հիշեցրել է, որ նախագահ Բաշար Ասադի ռեժիմը պատասխանատվություն է կրում սիրիական քաղաքացիների անվտանգության համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակակառավարական ապստամբությունները շարունակվում են 2011-ի մարտից: Ինչպես դեկտեմբերի կեսերին հայտարարել է մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարը, այս ընթացքում Սիրիայում ավելի քան 5000 մարդ է զոհվել: