Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Այն խորհրդարանի քննարկմանն էր առաջարկվել մարսելցի պատգամավոր Վալերի Բուայենի կողմից։
Վաղ առավոտից ելույթ ունեցող շուրջ երկու տասնյակ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց փաստաթղթին: Ելույթներում նրանցից շատերը հիշեցրին ինչպես Հայոց ցեղասպանության առանձին դրվագներ, այնպես էլ ներկայումս շարունակվող թուրքական պետական քաղաքականությունը՝ հուշարձանների ավերում, Անկարայի կողմից սպառնալիքներ Ֆրանսիայի նկատմամբ, շարունակվող շրջափակում։
Նշենք, որ միաժամանակ խորհրդարանականները հայտարարում էին, որ դեմ չեն ոչ թուրք ժողովրդին և ոչ էլ ներկայիս իշխանություններին, և նրանց մեղավոր չեն ճանաչում անցյալի համար, պարզապես ցանկանում են, որպեսզի նրանք առերեսեն իրենց պատմությանը:
Ընդունված օրինագիծն ուղարկվելու է Սենատի հաստատմանը: Հաջորդ քննարկումը կայանալու է մարտ ամսին։ Սենատի կողմից փաստաթղթի ընդունման դեպքում կմնա միայն նախագահի վավերացումը։