Երևանցի աշակերտները, որոնք մինչ այսօր դիմացել են վատթար պայմաններին, պետք է շարունակեն դիմանալ դպրոցի անմխիթար վիճակին, կարծում է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մեկնաբանելով, մասնավորապես, մի շարք դպրոցներում սանհանգույցների ծայրաստիճան վատթար վիճակի և դրանցից օգտվելու հնարավորություն չունեցող աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվի մասին հարցը, Աշոտյանն ասել է.
«Այսքան տարի ի՞նչ են արել այդ աշակերտները, դիմացել են ու գնացել են դասի»:
Հարցին՝ երեխաները զուգարան չգնա՞ն, նախարարը պատասխանել է:
«Մինչև այսօր չե՞ն գնացել: Եվ երկրորդը՝ չեմ կարծում, որ դա տարեվերջյան ասուլիսի հարցադրում է», – ասել է Աշոտյանը` ասուլիսի ժամանակ շեշտը դնելով ԿԳՆ-ի 2011 թվականի ձեռքբերումների և հաջողությունների վրա:
«Հարյուր քսանհինգ համայնքներում ստեղծվել են նախակրթարաններ, շուրջ 1700 երեխա այս տարվա սեպտեմբերի մեկից հաճախել է մանկապարտեզներ, նախակրթարաններ և ստացել նախադպրոցական կրթություն, հաստատվել է նախակրթական նոր չափորոշիչը: Տարին բուռն է եղել նաև հանրակրթական դպրոցի համար, հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով պայամանավորվում է մեր կրթության բովանդակությունը և որից բխում են ուսումնական ծրագրերը, դասագրքերը և մեթոդաբանությունը», -պատմել է նախարարը:
2011 թվականի ամենամեծ բարեփոխումներից նա համարել է դպրոցի տնօրենների հավաստագրման գործընթացը:
«Այդ քննությունները կազմակերպվել են երեք փուլով, և նշեմ, որ վայելել են հասարակության վստահությունը: Շուրջ ութ հազար ուսուցիչ անցել է լայնածավալ վերապատրաստում», – ասել է նա:
Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ակտիվ ընթանում է նաև դպրոցաշինությունը ինչպես «Լինսի» հիմնադրամի, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով:
«Ինը ավագ դպրոցներ ներգրավված են եղել այդ ծրագրում՝ ինչպես Երևանում , այնպես էլ մարզերում: Շուրջ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ հատկացվել է ինը ավագ դպրոցների վերակառուցման ծրագրին», – նշել է նախարարը:
Աշոտյանը կարևորել է նաև տասներկուամյա կրթակարգին անցնելու ծրագիրը:
Նրա խոսքով` նորագույն համակարգիչներով են հագեցել մի շարք դպրոցներ, նաև կարևոր բաղկացուցիչ մաս է դարձել շախմատի ներդրումը դպրոցում:
Խոսելով բարձրագույն կրթության մասին՝ նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում պակասել է մասնավոր բուհերի և բուհերի ֆակուլտետների թիվը:
«Մանավոր բուհերի մի մասն էլ գտնվում է խոշորացման գործընթացում»:
Ստեղծվել է նաև բուհերի ու ավագ դպրոցների համագործակցության ծրագիր:
Աշոտյանը հիշեցրել է, որ Հայաստանում ուսանելու են եկել հարյուր իննսուն արտասահմանցի ուսանողներ՝ չհաշված Վրաստանից ու Ռուսաստանից ժամանած քաղաքացիներին, որոնց հետ ընդհանուր թիվը կկազմի շուրջ ութ հարյուր: