Home / Հայաստան / Սարկոզիին խորհուրդ են տվել ցեղասպանության մասին հարցնել հորը, «նա պատմելու բան ունի»

Սարկոզիին խորհուրդ են տվել ցեղասպանության մասին հարցնել հորը, «նա պատմելու բան ունի»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ֆրանսիացի պատգամավորների կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանն ի պատասխան մեղադրել է Ֆրանսիացիներին ալժիրցիների ցեղասպանության մեջ: Այս մասին վարչապետը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Էրդողանը հայտարարել է, որ 1945-ից սկսած Ֆրանսիան պատասխանատու է Ալժիրի բնակչության 15 տոկոսի ոչնչացման համար: «Դա ցեղասպանություն է»,-պարզաբանել է թուրք վարչապետը:

Էրդողանի խոսքով` Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ հանդիսացող «Հանուն ազգային շարժման միություն» (UMP)  կուսակցության նախաձեռնության հետևում կանգնած է նրա առաջնորդը` նախագահ Նիկոլա Սարկոզին: Թուրք վարչապետը վստահ է, որ այսկերպ Սարկոզին փորձում է ընտրազանգված հավաքել 2012-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար:

«Եթե պարոն Սարկոզին չգիտի Ցեղասպանության մասին, նա կարող է այդ մասին հարցնել իր հորից` Պալ Սարկոզիից, ով 1940-ականներին Ալժիրի ֆրանսիական լեգիոնում է ծառայել: Վստահ եմ, նա իր որդուն Ալժիրում ֆրանսիացիների կողմից իրականացված սպանդի մասին պատմելու շատ բան ունի»,- հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը կարգադրել էր Փարիզից հետ կանչել թուրք դեսպանին: AFP –ի տեղեկություններով` ուրբաթ Թահսին Բուրջուօղլուն մեկնել է «Շարլ դը Գոլի» օդանավակայանից և խորհրդակցության նպատակով Անկարա ժամանել: Բացի դա, Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի հետ  բոլոր ռազմական, տնտեսական և քաղաքական ծրագրերը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն իր հերթին նշել է, որ Թուրքիան չպետք է շտապի արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների գործողություններին և այդ ամենը չպետք է շատ մոտ ընդունի սրտին, քանի որ երկու երկրներն էլ «դեռ աշխատելու տեղ ունեն»:

Ալժիրցիների ցեղասպանություն ասելով` Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկատի ունի 1945 թվականին սկսված ալժիրցիների պայքարը Ֆրանսիայից ազատագրվելու համար: Դրան հետևած 1954 թվականի պատերազմի հետևանքով տարբեր գնահատականներով Ալժիրում զոհվել են 300,000-ից մինչև մեկ միլիոն  մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներն էին: