Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքս Միլերն առաջարկել է չնմանակել ֆրանսիացիներին, որոնք թուրքերի հետ հակասության մեջ են մտել արտաքին քաղաքական խնդիրների պատճառով: Նշենք, որ տվյալ հանձնաժողովն իր այսօրվա նիստին քննարկում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
«Հանձնաժողովի նիստին ներկա են գտնվելու Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները, նրանց թվում է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլենը և խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեվ Էլկինը: Շատերը Փարիզին մատով են ցույց տալիս, թե իբր ֆրանսիացիները չվախեցան թուրքերին դեմ գնալ: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր իր կանոնակարգն ունի և իր գերակա շահերը: Ֆրանսիան իրեն կարող է թույլ տալ այն, ինչ չի կարող Իսրայելը, բացի այդ Ցեղասպանությունը ճանաչելու համար նրանք ավելի շատ պատճառներ ունեն», – Միլերի խոսքերն է փոխանցում IzRus կայքը: Որպես իր ասածի պատճառաբանություն նա նշել է Ֆրանսիայի 600-հազարանոց հայ համայնքի առկայությունը, որը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը:
Հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ խորհուրդ չէր տա իսրայելցի պատգամավորներին կրկնօրինակել ֆրանսիացի գործընկերների գործողությունները:
«Ես կրկնում եմ, մենք չպետք է ակադեմիական և պատմական բանավեճը քաղաքական ճաշ սարքենք: Մենք պետք է պատմություն սովորենք, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն, և ոչ թե նրա համար, որպեսզի հարաբերություններ փչացնենք մեր դաշնակիցների հետ վիճելի հարցերի պատճառով», – ասել է Միլերը: