հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մարտի 1-ի դեպքերը` Forbes-ի ցուցակի 7-րդ տեղում

Մարտի 1-ի դեպքերը` Forbes-ի ցուցակի 7-րդ տեղում

Forbes ամսագիրը կազմել է նախորդ տասնամյակի ամենաաղմկահարույց ընտրական իրադարձությունների ցանկը: Top 15-ն սկսում է 2003թ. Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից, երբ այդ երկրի ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ  Չեչնիայում և Ինգուշեթիայում կայացած ընտրություններում քվեարկել են գոյություն ունեցող փաստացի ընտրողներից 11 տոկոս ավել մարդ:

Ինչպես հաղորդում է aravot.am-ը, ցանկում տեղ գտած իրադարձությունների շարքում մանրամասն նկարագրված է հայաստանյան Մարտի 1-ը: «Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (21.50%) կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեցին շուրջօրյա բողոքի հանրահավաքներ: Հանրահավաքների մասնակիցների կարծիքով` ընտրություններն ուղեկցվել են զանգվածային խախտումներով, ուստի` չեն կարող լեգիտիմ համարվել: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի վրանային քաղաքը հարձակման ենթարկվեց ոստիկանության կողմից: Արդյունքում սպանվեցին հանրահավաքի ութը մասնակից և երկու ոստիկան: Ի պատասխան, տեղի ունեցան բողոքի նոր գործողություններ, որի մասնակիցները տառացիորեն իրավապահ ուժերին դուրս մղեցին քաղաքի ծայրամասեր: Մասսայական անկարգությունները կանխելու համար գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 2-ին քսանօրյա արտակարգ դրություն մտցրեց: Ընտրությունների արդյունքները չվերանայվեցին: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն ստանձնեց ապրիլի 9-ին»:

Ըստ Forbes-ի` ամենաաղմկահարույց ընտրական իրադարձություններն են.

1. Ռուսաստան 07.12.2003թ.: Պետդումայի ընտրություններում քվեարկել է ընտրողների 100%-ից ավելին:

2. Աբխազիա 03.10.2004թ.: Նախագահի ընտրություններից հետո գրավվել է կառավարության շենքն ու նշանակվել վերաքվեարկություն:

3. ԱՄՆ 07.11.2000թ.: ԱՄՆ նախագահական ընտրություններում չհաշվեցին 19000 խնդրահարույց քվեաթերթիկներ:

4. Բաշկիրիա 07 և 21.12.2003թ.: Նախագահական ընտրություններում 200 հազար անօրինական քվեաթերթիկների տպագրության փաստ է արձանագրվել:

5. Հարավսլավիա 24.09.2000թ.: Նախագահական ընտրություններից հետո գրավվեց խորհրադարանի շենքը և նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ:

6. Ուկրաինա. 2004թ. hոկտեմբեր-դեկտեմբեր: Նախագահական ընտրություններից առաջ և հետո շուրջ երկու ամիս տևած բողոքի ակցիաներ Մայդանում և վերաքվեարկություն:

7. Հայաստան 19.02.2008թ.: Նախագահական ընտրություններից հետո բախում ոստիկանական ուժերի հետ, որի արդյունքում սպանվեց տասը մարդ:

8. Մոլոդովա 05.04.2009թ.: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ արդյունքներից դժգոհ երիտասարդները գրավեցին խորհրդարանի շենքը և պարտադրեցին քվեների վերահաշվարկ:

9. Լիտվա 17.05.2009թ.: Նախագահական ընտրություններից երեք ամիս անց քրեական գործ հարուցվեց թեկնածուներից մեկի դեմ:

10. Աֆղանստան 20.08.2009թ.: Նախագահական ընտրություններում արձանագրվեց մոտ 1,5 միլիոն կեղծ քվեաթերթիկ:

11. Ուկրաինա 17.01 և 07.02.2010թ.: Նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքների բողոքարկում և անվավեր ճանաչելու պահանջ:

12. Ղրղըզստան 10.10.2010թ.: Խորհրդարանական ընտրություններից հետո ազգայնականների բողոքի ակցիաներ «թվերի հետ խաղի» պատճառով:

13. Բելառուս 19.12.2010թ.: Նախագահական ընտրություններում Լուկաշենկոն ստացավ երկու անգամ ավելի ձայն, քան կանխատեսել էին դիտորդներն ու էքզիթ փոլերը:

14. Նիկարագուա 06.11.2011թ.: Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն երրորդ անգամ է ընտրվում:

15. Հարավային Օսիա 13.11 և 27.11.2011թ.: Նախագահական ընտրություններից հետո դատարանը վերացրեց ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը: