Դեկտեմբերի 14-ին «Եղնիկներ» զորամասում գրանցված միջադեպի հետևանքով Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա տեղափոխված Նարեկ Ավետիսյանը այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային ախտաբանության բաժանմունքի վարիչ Գեորգի Գրիգորյանը:
Այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանին շղթայով հարվածել էր «Եղնիկներ» զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: Վիրահատության ընթացքում երիտասարդի աջ աչքը հեռացվել էր:
Գեորգի Գրիգորյանի խոսքով` Նարեկը պատրաստվում է դուրս գրման, հետվիրահատական խնդիրներ ու բուժական առումով որևէ խնդիր չկա, կատարվել է նախնական պրոթեզավորում: Բժշկի խոսքով՝ թեև Նարեկը տուն է գնում, բայց գտնվելու է իրենց մշտական հսկողության ներքո:
«Քանի որ անհատական պրոթեզավորում դեռևս արված չէ ու աչքի հատվածում տգեղ է, վիրակապը շարունակելու է մնալ վիրահատված հատվածում: Որոշ ժամանակ անց կտեղադրենք պրոթեզը, որը շարժողականություն կունենա: Ապակուց պրոթեզը իրենից նկարած աչք է հիշեցնում, և մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի արտաքնապես պրոթեզը չտարբերվի բնականից, քանի որ տղան ջահել է», – պատմել է բժիշկը:
Ինչ վերաբերում է տղայի հոգեկան ապրումներին, բժիշկը վստահեցրել է, որ իրենք զրուցել են Նարեկի հետ:
«Մենք բացատրեցինք, որ իրոք աչքն այնպիսի վիճակում էր, որ ինձ պարզապես հնարավորություն չեղավ այն փրկել: Աչքը հեռացվեց միանվագ, մի փուլով, և դա ճիշտ էր», – ասել է նա:
Գրիգորյանը նշել է, որ տնային պայմաններում որոշ ժամանակ մայրը կօգնի նրան դեղերով մշակել հանել ու լվանալ «աչքը», այնուհետ Նարեկն այդ ամենը կանի ինքնուրույն: Նա նաև հավելել է, որ Նարեկի աչքի հիմնական շարժական պրոթեզը կտեղադրվի երկու ամսվա ընթացքում՝ առանց վիրահատության: