ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «բացարձակ անհեթեթություն է» անվանել «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումն այն մասին, որ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում Կրեմլի Մեծ պալատում ԱՊՀ-ի 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար: Այս մասին Արզումանյանը հայտարարել է mediamax.am-ի հետ զրույցում:
«Բնականաբար, նման մակարդակի շփումներում այդպիսի բաներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին պարգևատրելու խնդրին, ապա տեղեկացնեմ, որ Ադրբեջանը չէր ներկայացրել պարգևատրման թեկնածուների ցանկ, հետևաբար չէր էլ կարող պարգևատրվել», – ասել է Արմեն Արզումանյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակը», հղում կատարելով իր աղբյուրներին, ներկայացրել է դեպքի մանրամասները` նշելով, որ նախատեսված է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի։
«Ընդ որում, շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը։ Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել են պարգևները, իսկ երբ հերթը հասել է Հայաստանի ներկայացուցչին (Հայաստանի ղեկավարությունն այդ պարգևին ներկայացրել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին), Իլհամ Ալիևն առարկել է, ու Քոչարյանը մեդալ չի ստացել: Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ է եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել», – գրել էր թերթը։