Այսօր Հյուսիսային Կորեայում կայացավ երկրի նախկին առաջնորդ դեկտեմբերի 17-ին մահացած Կիմ Չեն Իրի հուղարկավորության արարողության առաջին օրը: Մինչ համաշխարհային առաջատար լրատվամիջոցները տեսանյութեր էին տեղադրում, որոնցում պատկերված էր, թե ինչպես են հազարավոր կորեացիներ ողբում են արարողության ժամանակ, «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում հիշեցրել է, որ Կիմ Չեն Իրի մահը կանխատեսվել էր դեռևս հոկտեմբերին:
«Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ մշտապես մեծ հավակնություններ դրսևորող, բայց ի վերջո ձախողվող «Արսենալի» ու նրա ֆուտբոլիստների վերաբերյալ անգլիական մամուլում անընդհատ հնչում են կատակներ։Մասնավորապես, վերջին կատակը կապված է Աարոն Ռեմսիի (Արսենալի կիսապաշտպան – խմբ.) հետ. անգլիացի լրագրողները նկատել են, որ երբ այս ֆուտբոլիստը գոլ է խփում, ու «Արսենալը» կարողանում է հաղթել ուժեղ թիմի, հաջորդ օրը տեղի Է ունենում աշխարհացունց սպանություն։
«Այս տարվա մայիսի 1-ին «Արսենալը» Ռեմսիի միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, սպանվեց Ուս ամա Բեն Լադենը: Հոկտեմբերի 19-ին «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլում կրկին Ռեմսիի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, սպանվեց Մուամար Քադաֆին: ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Իրը սարսափով է սպասում դեկտեմբերի 17-ին կայանալիք «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը», – սա մեջբերում է հոկտեմբերի 28-ին օրաթերթի մարզական էջում տպված Արմեն Նիկողոսյանի հոդվածից: Հոդվածի հեղինակը որպես աղբյուր նշել էր անգլիական Talksport պարբերականը, իսկ հոդվածը վերնագրել է «Սպասեք դեկտեմբերի 17-ին»:
Այդ օրը «Սիթի»-«Արսենալ» խաղը, իրոք, ավարտվեց 1:0 հաշվով, բայց հօգուտ «Սիթիի», իսկ Կիմ Չեն Իրը մահացավ:
Ավելացնենք, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած «Տոտենհեմ»-«Արսենալ»հանդիպումից 3 օր անց մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Այս խաղում «Տոտենհեմը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ «Արսենալից» միակ գոլի հեղինակ դարձավ Ռեմսին: Փաստորեն, գործում է երկու օրինաչափություն: Կամ Ռեմսին պիտի դառնա գոլի հեղինակ, կամ ուժեղ թիմերի հետ «Առսենալի» մասնակցությամբ հանդիպումները պետք է ավարտվեն 1-0 հաշվով (երկու դեպքում գործել է երկու օրինաչափությունը»):
Նշենք, որ իր հաջորդ կարևորագույն հանդիպումն «Արսենալն» անցկացնում է հունվարի 22-ին, երբ սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդին»: