Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը քննադատել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտնում է Todays Zaman պարբերականը:
«Մենք պետք է մեր խնդիրները երկրի ներսում (Թուրքիայում) լուծենք: Երկրորդ ձեռքեր, թևեր չպետք է միջամտեն այս հարցին», – հայտարարել է արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ըստ նրա` այս որոշումը հետագայում կսառեցնի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները:«Այսկերպ մենք ոչ մի տեղ չենք հասնի», – կարծում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց ցեղասպանություննների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հաջորդ տարի դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Եթե օրենքն ուժի մեջ մտնի, յուրաքանչյուր ոք ով կժխտի Հայոց Ցեղասպանության փաստը, ստիպված կլինի մեկ տարի անազատության մեջ մնալ կամ 45,000 եվրո տուգանք վճարել: