«Ժառանգություն» կուսակցությունը ողջունելի է համարում Հայ Ազգային Կոնգրեսի և «Ազատ դեմոկրատների» երեկվա հայտարարությունները, համաձայն որոնց այդ ուժերը զորակցում են ՀՅԴ-ի և «Ժառանգության» առաջարկին` խորհրդարանական ընտրություններում վերացնել մեծամասնական ընտրակարգը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա բացատրել է, թե ինչու է իր կուսակցությունը դեմ մեծամասնական ընտրակարգին:
«Մեծամասնական ընտրակարգն ավելի շատ արատներ է բերել մեր քաղաքական համակարգին, և եթե 41 տեղ մեծամասնական է ու այդ քառասումնեկից այսօր պառլամենտում մեկ-երկու պատգամավոր է մասնակցում քաղաքական դեբատներին, սա նշանակում է, որ պառլամենտը մեկ-երրորդով առնվազն ապաքաղաքական մարմին է», – ասել է Սաֆարյանը:
«Ժառանգության» պատգամավորը նշել է, որ կա տարբերակ, երբ մեծամասնական ընտրակարգը կարող է պահպանվել, բայց դա այսօրվա իրականության մեջ կիրառելի չէ:
«Եթե մեծամասնականով ընտրվեին քաղաքական գործիչներ, բնականանբար որևէ մեկը չէր ասի, թե` հանենք այդ ընտրակարգը, բայց, ցավոք, հայաստանյան իրողություններն արդեն չորրորդ գումարման համար ցույց են տալիս, որ դա վերածվել է պարզապես ապաքաղաքական մարդկանց, գործարարների խորհրդարան գալու հնարավորություն՝ ավելին, հանդիսանում է ընտրությունները կրիմինալիզացնելու առիթ», -ասել է նա:
Սաֆարյանը վստահ է, որ մեծամասնական ընտրակարգը վերացնելը թույլ կտա մեծացնել քաղաքական ուժերի պատասխանատվությունը խորհրդարան եկող անձանց համար:
«Խոսելով նրանցից շատերի մասին, երբ ասում ենք, որ նրանք իշխանական են, ասում են՝ չէ, նրանք անկախ են, բայց մենք այդ անկախությունը երբևէ չտեսանք, որովհետև շատ համերաշխ իշխանությունների հետ քվեարկում են, և հետևաբար, եթե դա պատուհան է ստեծում էլ ավելի խոշոր չափերով բիզնես և քաղաքականության սերտաճման, ապա պետք է այդ համակարգը բացառվի», – ասել է ԱԺ պատգամավորը:
Նրա հավաստմամբ՝ այս փոփոխությունը թույլ կտա ունենալ քաղաքական մարմին, որտեղ քաղաքական մարդիկ են, այլ ոչ մարդիկ, ովքեր ընդամենը միջանցքներում կարող են հետաքրքրվել՝ լավագույն դեպքում այս կամ այն գյուղի այս կամ այն խնդրով: