Home / Հայաստան / Վերաքննիչ դատարանը չփոխեց կնոջը սպանած ամուսնու վճիռը

Վերաքննիչ դատարանը չփոխեց կնոջը սպանած ամուսնու վճիռը

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կնոջը սպանած Յանիս Սարկիսովի միջնորդությունները` ուժի մեջ թողնելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի Սարկիսովը մեղավոր էր ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին 1-ին Սարկիսովն իր կնոջը` Զարուհի Պետրոսյանին ծեծի էր ենթարկել, որի հետևանքով 20-ամյա կինը մահացել էր: Նախաքննության ընթացքում ակտիվիստներն ու լրատվամիջոցները նշում էին, որ Սարկիսովը կնոջը ծեծել է մոր հետ, սակայն դատարանն այդ փաստը ապացուցված չէր համարել և դատապարտել էր միայն Պետրոսյանի ամուսնուն:

Սարկիսովի պաշտպանը բողոքարկել էր որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում` նշելով, որ Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառն ինքնասպանություն է` թույն խմելու միջոցով, քանի որ ամուսինն իմացել էր վերջինիս արտաամուսնական կապերի մասին:

Դատարանը, սակայն, այդ վարկածն արժանահավատ չի համարել: