Այսօր ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մեկնարկել է մի քանի բնապահպանական կազմակերպությունների բողոքի ակցիան: Ավելի քան 100 ակտիվիստներ կառավարության շենքի դիմաց պաստառներ են բացել, որոնց վրա գրված էր «Փրկենք Սյունիքը», «Էլ ոչ մի հանք», «Որտեղ հանք, էնտեղ չկանք», «Ոչ թուրքական ծրագրի իրականացմանը»:
Բնապահպան ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կառավարության որոշումը, համաձայն որի Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հարակից հողերը ճանաչվել են հանրային գերակա շահ և հանձնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Ակտիվիստները որոշումը չեղյալ համարելու պահանջով նամակը հանձնել են ՀՀ կառավարություն:
Նշենք նաև, որ ակտիվիստները ՀՀ կառավարության շենքի դիմաց պերֆորմանսներ են կազմակերպել: Մասնավորապես, նրանք «շարիկ էին գլորում»` ակնարկելով, որ ՀՀ կառավարության անդամները չեն զբաղվում իրենց գործով: Ակնկարկը, առաջին հերթին, վերաբերում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ում մեկ ամիս առաջ Ազգային ժողովում տեսախցիկները որսացել էին iPad-ով համակարգչային խաղ խաղալիս. Մովսիսյանը շարիկ էր գլորում:
Բացի դա, ակցիայի մասնակիցները փուչիկների մեջ լցրել էին 10 և 20 դրամանոց մետաղադրամներ: Փուչիկներն օդ բաց թողնելուց հետո նրանք պայթեցնում էին դրանք, իսկ մետաղադրամները թափվում էին ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ:
Այս պահին ակտիվիստները քայլերթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նույնպես պատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել: Անցնելով «ՎՏԲ» բանկի կողքով` ակցիայի մասնակիցները կոչ են արել բանկի հաճախորդներին փակել իրենց հաշիվները, քանի որ «ՎՏԲ»-ն վարկ է տրամադրում «Վալեքս Գրուպ» ընկերությանը, որը շահագործում է Թեղուտի հանքավայրը: