Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն շաբաթ օրը վերադարձել է Փարիզ: Թուրքիայում նա երկու շաբաթ էր անցկացրել. երկրի արտաքին գործերի նախարարությունը հետ էր կանչել դեսպանին խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել էր Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Փարիզ վերադառնալուց հետո դեսպանը շարունակելու է ջանքեր գործադրել Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչների վրա ազդելու համար: Ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր Բուրչուօղլուն, ինքը պատրաստվում է Ֆրանսիայում թուրքական կողմի դիրքերը պաշտպանել «մինչև վերջ»:
Թուրքիան պնդում է, որ օրենքի ընդունումը դեմ է խոսքի ազատությանը:
Հիշեցնենք, որ համաձայն օրենքի, Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի հերքումը պատժվում է 1 տարի ազատազրկմամբ կամ 45 հազար եվրո տուգանքով: Օրենքը ուժի մեջ կմտնի, եթե հունվարի 24-ի քվեարկության ժամանակ այն վավերացվի Սենատի կողմից: