«Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը մեկ ամսից ժամանելու է Հայաստան, որպեսզի վաճառի սրճարանը և վերադառնա Ֆրանսիա:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Գործունյանը, ով այժմ գտնվում է Փարիզում:
Տիկին Գործունյանն իր վրդովմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արած հայտարարության կապակցությամբ:
Վարչապետի խոսքով` «Փարիզյան սուրճ»-ի հետ կապված խնդիրները փորձում են բարդել պետության վրա։ «Եթե մարդիկ խուսափում են հարկերի վճարումից, պետությունը պետք է լինի սկզբունքային: Եվ ոչ մի քաղաքական ճնշումներ, հրապարակային ճնշումներ, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձեր իրենց վրա չպետք է ազդեն», – ասել էր Տիգրան Սարգսյանը:
Տիկին Գործունյանի խոսքով` հարկերից խուսափելու փաստարկը սուտ է, քանի որ ինքը հարկերից չի խուսափել և 2010 թվականի սեպտեմբերին 80 միլիոն դրամ հարկ է վճարել:
«Այո’, ես իմ հարկերը վճարել եմ և չեմ գնում Հայաստանից, որովհետև ամեն ինչ լավ է, կամ այնքան փող ունեմ, որ փախնում եմ: Ակտը գրեցին, որից հետո խնդրեցի ինձ հնարավորություն տալ ավելացող 0,15 տոկոսը կամաց-կամաց վճարել: Գնացի նախագահի Վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանի մոտ, ինքը ինձ ասեց` սպասեք, ես ձեզ կասեմ, ու ոչ մի բան չարեց, նույնիսկ չզանգեց, հետո նամակ գրեցի վարչապետին, նույնն արեց: Մինչ այդ ակտի գումարը ավելանում էր: Երբ տեսա, որ անհույս է, ստիպված 50 տոկոս իմ գործարանից վաճառեցի բովարանից, որ 80 միլիոն վճարեմ, ու վճարեցի 2010-ի սեպտեմբերին»,- պատմել է Վալերի-Աշխեն Գործունյանը:
«Ի՞նչ էր իրենց ասածը, որ ես եկել եմ գողանալու իմ երկրի՞ց: Փոխարենը ես ավելի հանգիստ կարող էի մնալ Փարիզում: Եվ այսօր իմ ունեցվածքը ավելի մեծ կլիներ: Պետությունն ի՞նչ արեց, ինձ թվում է, որ իրենց համար ավելի լավ է, որ հեռանամ, շատ եմ խոսում կամ խանգարում եմ, բայց Ղարաբաղի ժամանակ չէի խանգարում, կամ երբ գալիս էին Ֆրանսիա…»,- ասել է Գործունյանը:
Նա վրդովված է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պահվածքից, ով «մի անգամ գոնե չհետաքրքրվեց այս խնդրով»: