Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատության մեջ լինի:
Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասել է, որ այստեղ բարոյական խնդիր կա, և եթե անհարմար չլիներ, ապա ինքն անձամբ կգնար դատավորի մոտ և կխնդրեր Մարգար Օհանյանին ազատ արձակել:
«30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել` քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետև կարող է խանգարել: Կարծում եմ` այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչև վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ: Ես իմ կողմից կուզենայի խնդրել, որպեսզի դատարանը մեղմ վերաբերվեր: Ուրախ եմ, որ դուք ինձ զանգել եք, այս խոսքերս սրտանց եմ ուզում ասել` ոչ թե որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում, ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի», – ասել է Սարգսյանը:
Երկուշաբթի մեկնարկած դատական նիստում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Մարգար Օհանյանը հայտարարել էր, թե ինքը բենզինի յուրացման գործում վկայից դարձել է կասկածյալ և ձերբակալվել ընդամենը մեկ զանգից հետո, եւ որ այն ինչի մասին ինքը խոսում է, կապված է ոստիկանության կառույցի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Օհանյանը խնդիրներ ուներ իր հետ, Ալիկ Սարգսյանն պատասխանեց, թե ինքը վերջինիս հետ ամենալավ հարաբերություններն է ունեցել, հին ընկերներ են եղել: Նախկին ոստիկանապետն ասաց` անգամ պատկերացում չունի, թե ով կարող էր զանգել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո Օհանյանին ձերբակալել են:
«Երբ որ բենզինի չարաշահման փաստը արդեն հիմնավորվել էր, արդեն ամեն ինչը բացահայտվում էր, ես` որպես պաշտոնյա, դա թաքցնել չէի կարող, ավելին` ես ուզեցի նույնիսկ իրեն մի անգամ հրավիրել, և ասացի ընկերների միջոցով` եթե ինքը տեղյակ է, թող վաղը գա ինձ ասի, որ ես տեղյակ եմ չարաշահումից: Միգուցե ես ներելու հնարավորություն ունեի, կամ գործը մի քիչ այլ կերպ կներկայացնեի, վնասի վերականգնելը ներառյալ: Բայց ամեն դեպքում նա վերջին պահին էլ հրաժարվեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, ավելին` ասաց, ես եմ խնդրում, թող մինչեւ վերջ ստուգումը կատարեն: Ես էլ իմ ստուգումը կատարել եմ մինչեւ վերջ: Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամեն ինչը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետեւ իմ համար իրոք շատ ծանր է, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ` անկախ իմ կամքից», – ասել է նախկին ոստիկանապետը: