Ամերիկյան գրախանութներում այս շաբաթ հայտնվել է The New York Times պարբերականի լրագրող Ջոդի Քանտորի երկար սպասված սկանդալային գիրքը` նվիրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը` Միշելին: Արդեն իսկ վաճառքի ռեկորդներ սահմանած գրքում հեղինակը հավաքել է նախագահական զույգի շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած 33 հարցազրույց:
Մինչ «The Obamas» (Օբամաները) գրքի լույս ընծայվելը ԶԼՄ-ները ներկայացնում էին գրքի բովանդակությունը: Սպիտակ Տանը Քանտորի գիրքը խիստ քննադատության է ենթարկվել: Ինչպես հայտարարել է մամլո քարտուղար Էրիկ Շուլցը, գրքում նկարագրվածը ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ, հայտնում է Reuters-ը:
Նման արձագանքը տարօրինակ չէ, քանի որ The Obamas-ում առկա են Օբամա զույգի հարաբերությունների հետաքրքրաշարժ մանրամասներ: Մասնավորապես, ըստ Քանտորի գրքի, նախագահի վարչակազմում առանձնապես չեն անհանգստանում առաջին տիկնոջ հետ քաղաքավարություն դրսևորելու հարցում: Ջոդի Քանտորը պատմել է, օրինակ, որ նախկին մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը հրապարակավ նախատել է Միշելին այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել է նրա զրույցը Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիի հետ, որի ընթացքում նա ասել էր, թե Սպիտակ Տանն իր կյանքը նման է դժոխքի: