Ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո (2011 թվականի հոկտեմբերի 31) այսօր առաջին անգամ ՀՀ կառավարության նիստից հետո Վլադիմիր Գասպարյանը շենքից դուրս եկավ գլխավոր մուտքից:
Վլադիմիր Գասպարյանին մի քանի հարց ուղղեց 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու է իր եղբոր գործով վկա Արման Մնացականյանը նախաքննության ընթացքում գտնվել Ռազմական Ոստիկանության, իսկ այժմ էլ` ՀՀ ոստիկանության տրամադրության տակ:
Գասպարյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ, բայց նման որոշում, հավանաբար, դատարանն է կայացրել:
«Բայց Ռազմական ոստիկանությունն այդ տղային տարել է Բերդ քաղաքի ոստիկանություն դեպքից անմիջապես հետո, 23 օր անօրինական պահել է, տղան դատարանում էլ ցուցմունք է տվել: Ծեծել են, ցուցմունքները վերցրել են, սցենարը գրել են, որից հետո նրա նկատմամբ իբրև թե պաշպանության միջոց են կիրառել, տեղափոխել են Երևանի ՌՈ, ու չէին զորացրում, որ ինքը դատարանում ճնշման ներքո ցուցմունք տար: Հիմա էլ ոստիկանության ճնշման ներքո կտա»,- ասել է Ծովինար Նազարյանը և հավելել, որ դեպքից հետո մոտ 10 զինվորականների տարել և պահել են ՌՈ-ում ծեծել են ու ցուցմունքներ են վերցրել:
Ի պատասխան` Վլադիմիր Գասպարյանն ասել է.
«Ես կարող եմ պատվովս, կենսագրությունովս երդվել, որ իմ ժամանակ ոչ մի ճնշում չի եղել, դա հանդգնելու բան չի: Իսկ Ռազմական ոստիկանությունում մենք պահում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են այլ ազդեցություն ունենալ, դա ոչ թե չար նպատակով է արվում, այլ բացահայտման, ճշմարտությունը իմանալու նպատակով է արվում: Ոչ ոք արյունը չի լափի, այդ արյուն լափողի զավակը պտի արյուն լափի»:
Նրա այդ արտահայտությունից հետո կառավարության շենքի դեմ ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների ծնողները միջամտեցին` ասելով. «Լավ էլ լափում են էլի»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Գասպարյանն այժմ ոստիկանապետ է, բայց զբաղվում է զինվորականների հարցերով, վերջինս ասել է.
«Ես պատրաստ եմ ցանկացած ծառայության: Ես գտնում եմ, որ այսօր էլ բանակի անբաժանելի մասն եմ, ես այդ բանակի ակունքներում կանգնած եմ, իմ համար նշանակություն չունի… որտեղ ես կարող եմ մի բան անել, ես պետք է անեմ: Աստված բոլորիդ համբերություն տա», – ասել է Վլադիմիր Գասպարյանն ու հեռացել: