Գերմանիայի Դախաու քաղաքում հունվարի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մեղադրյալը սպանել է դատախազին` կրակ արձակելով նրա ուղղությամբ, հայտնում է Sueddeutsche Zeitung-ը` հղում կատարելով Մյունխենի արդարադատության նախարարությանը:
Ոստիկանության տվյալներով` 54-ամյա մեղադրյալը զինված է եղել: Սկզբում նա կրակ է բացել դատավորի ուղղությամբ, սակայն վրիպել է, որից հետո 5 կրակոց է արձակվել դատախազի ուղղությամբ: 3 գնդակ մխրճվել է դատախազի ուսի, ձեռքի և որովայնի մեջ: Դատախազը մահացել է շտապօգնության մեքենայում: Պարբերականի տեղեկություններով` դատախազը 31 տարեկան էր:
Կրակողին ձերբակալել են: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է նրան հաջողվել զենք բերել դատարանի դահլիճ:
Նիստին լսվում էր նախկինում դատվածություն չունեցող գործատուի գործը, ով չէր մուծել 44 հազար եվրո կազմող սոցապահովագրության պարտադիր վճարը: Նրան խոշոր տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում էր սպառնում: