Թուրքահայ լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առնչությամբ նոր փաստեր են բացահայտվել շնորհիվ լրագրողի որդու` Արատ Դինքի: Վերջինս համակարգչային ծրագիր է մշակել, և այնպիսի տվյալներ է հայտնաբերել, որոնք ապացուցում են. որ ոստիկանությունը կեղծ տեղեկություններ է հաղորդել դատարանին և անտեսել է կարևոր փաստեր, հայտնում է Today’s Zaman-ը:
Իր հոր գործով առանձին հետաքննություն անցկացնող Արատ Դինքը ծրագիր է մշակել, որի միջոցով ստուգել է հեռահաղորդակցման վարչության հեռախոսային ձայնագրությունները, որոնք Դինքի ընտանիքի փաստաբանները ստացել են ընդամենը մեկ շաբաթ առաջ: Նրան հաջողվել է գտնել 5 անձանց հեռախոսահամարներ, ովքեր վկա են եղել սպանության տեսարանին և ովքեր հեռախոսազրույց են ունեցել Դինքի գործով անցնող երկու կասկածյալներ Մուսթաֆա Օզթուրքի և Սալիհ Հացիշալիօղլուի հետ:
Բացի դա, Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը փաստել է, որ Արատ Դինքի հետաքննության շնորհիվ իրենց հաջողվել է ևս 14 հեռախոսահամարներ պարզել, որոնք պատկանում են մարդկանց, ովքեր սպանության վայրի` «Ագոսի» խմբագրատան մոտակայքում են եղել սպանության ժամանակ և նույնպես հեռախոսազրույց են ունեցել կասկածյալների հետ:
Արատ Դինքի հայտնաբերած տեղեկությունները կցվել են դատական գործին:
Փաստաբանը նշում է, որ այդ տվյալները խիստ արժեքավոր են, քանի որ ոստիկանության պաշտոնյաները մինչ այդ հայտարարում էին, թե սպանության օրը կասկածյալները ոչ մի հեռախոսազրույց չեն ունեցել որևէ մեկի հետ, իսկ այժմ պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
«Մենք այս տեղեկությունները ստացել ենք խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Ես բացառում եմ այն, որ ոստիկանության պաշտոնյաները կարող էին նկատած չլինել այդ տվյալները` տիրապետելով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին»,- փաստել է Չեթինը` հայտարարելով, որ ոստիկանությունը դիտավորյալ կերպով է անտեսել այդ փաստը:
Նշենք, որ Հրանտ Դինքին 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել է Օգյուն Սամասթի կողմից, ով եղել է ազգայնական ցանցի մի մաս: Այժմ գործով մի քանի այլ կասկածյալներ են անցնում, ովքեր կապի մեջ են եղել Սամասթի հետ: