Հայ ժողովուրդը կանգնած է կործանման եզրին ու որևէ լավ բան այսօրվա դրությամբ մատնանշել հնարավոր չէ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր շահերն է հետապնդում, այլ ոչ թե ժողովրդի՝ ասում են մի բան, իրականում այլ բան են անում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Որպես փաստ պետք է նշեմ Հանրապետական կուսակցությանը: ՀՀԿ-ն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավար կուսակցություն և շեշտում, որ ժողովուրդն իրենց վստահում է իբրև ուժի, որը տանում է բարեկեցության: Քաղաքապետը պետք է ընտրվեր ու լիներ առանձին սուբյեկտ, բայց հրահանգներ է ստանում վերևից: Ինքնուրույն գործող տարածքային ինքնակառավարման մարմին գոյություն չունի: Բոլորը ՀՀԿ-ի կրծքանշաններ են հագնում ու հրահանգներ են կատարում», – ասել է Կարապետյանը:
Ըստ բանախոսի՝ մենաշնորհված են տնտեսությունը, պալատային ինտելիգենցիան, ուսանողները, որոնք ուսանողական խորհուրդների օգնությամբ ձգտում են դառնալ ՀՀԿ-ի զինվորը:
«Նույն ուսխորհրդի նախագահ են եղել Շարմազանովը, Աշոտյանը և շատ-շատերը»,-հիշեցրել է նա:
Կարապետյանի հավաստմամբ ժողովուրդն այսօր ուժեղին է վազում՝ ձգտելով ուժ ունենալով վրեժ լուծել ավելի թույլից:
«Այսօր կուսակցությունների գլխավոր նպատակն է իշխելը, փող դիզելը, դրա համար, ընդամենը չինովնիկ լինելով, բոլորը դառնում են միլիարդատեր, ձեռք բերում անշարժ գույք տարբեր երկրներում»,- ասել է նա:
Ժողովրդական կուցակցության առաջնորդը նշել է, թե ցավում է, որ այսքան տխուր է ներքաղաքական վիճակը և չկա մեկը, ով կհետևի արդարությանն ու կմտածի ժողովրդի մասին:
«Այսօր ուժը ուժ է ծնում: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու դարձավ զոհը: Վաղն էլ կգա մեկ այլ ուժ ու կկլանի այս իշխանություններին», – եզրափակել է Կարապետյանը: