Home / Հայաստան / Դարվինի ուսմունքը հերքելու համար բրիտանական դպրոցները կզրկվեն ֆինանսավորումից

Դարվինի ուսմունքը հերքելու համար բրիտանական դպրոցները կզրկվեն ֆինանսավորումից

Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարությունը ֆինանսավորումից կզրկի այն դպրոցներին, որտեղ կրեացիոնիզմը (արարչականություն` ըստ Աստվածաշնչի) որպես գիտություն է դասավանդվում. գրում է The Guardian-ը:

Ֆինանսավորման վերաբերյալ նոր որոշման համաձայն` կրթության նախարարը կարող է բյուջետային միջոցներից զրկել այն դպրոցներին, որտեղ ժխտում են Չարլզ Դարվինի ուսմունքը և փոխարենը կրեացիոնիզմի տեսություն են դասավանդում, որի շրջանակներում աշխարհը դիտարկվում է որպես Աստծո կողմից արարված:

Կրթության նախարարության որոշումը կանդրադառնա Անգլիայի միայն, այսպես կոչված, «ազատ դպրոցներին, որտեղ դասընթացների հաճախելն ու առարկաների ընտրությունը պայմանավորված է աշակերտների ցանկությամբ: Նման դպրոցների ֆինանսավորվումը հարկատուների գումարների հաշվին է իրականացվում, սակայն չի վերահսկվում տեղի իշխանությունների կողմից: Նման դպրոց կարող է ստեղծել ինչպես առանձին անհատ, այնպես էլ մարդկանց մի խումբ, սակայն կրթական հաստատությունը պետք է Կրթության նախարարության հավատարմագրում անցնի:

Ավելի վաղ իրենց մասնավոր դպրոցներ բացելու մտադրություն էին հայտնել մի շարք կրեացիոնիստական խմբեր: Առաջին «ազատ դպրոցները» հայտնվել են Անգլիայում 2011 թվականին: Ավելի հաճախ նման կրթական հաստատություններ ստեղծվում են կրոնական խմբերի կողմից: