Երեկ բնապահպանների կողմից կազմակերպված ակցիայի մոտ 200 մասնակիցները «Թեղուտ» ընկերությանը պատկանող տարածքի հարակից վայրում հավաքվելով` մեծ վնաս են հասցրել ընկերությանը: Այս մասին ասված էր այսօր ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նշում է, որ այցն անօրինական է եղել, քանի որ բնապահպանները մոտեցել են և փորձել խախտել ընկերությանը պատկանող հողի սահմանանշանները:
Նշենք, սակայն, որ մեր թղթակիցը, ով երեկ եղել է Թեղուտում և լուսաբանել է ակցիան, սահմաները խախտելու փորձ չի նկատել:
Epress.am-ը հարցի առնչությամբ պարզաբանումներ է խնդրել «Վալեքս գրուպ» խմբից, որի կազմում է «Թեղուտ» ընկերությունը:
«Մենք միշտ պատրաստ ենք մարդկանց տանել, ցույց տալ, բացատրել մեր կատարած աշխատանքները հանքում, սակայն այս անգամ ակտիվիստները խնդրել էին գալ 100 հոգով, ինչը մենք մերժել էինք, քանի որ այժմ հանքում ընթանում են մեծ ծավալի աշխատանքներ, և այդքան մարդու մուտքը կարող էր աշխատանքային ժամանակից խլել 4-8 ժամ: Մենք առաջարկեցինք, որպեսզի ընտրեին մոտ 15 հոգի, չհամաձայնեցին, ու եկան 250 հոգով»,- պարզաբանել է «Վալեքս գրուպի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը:
Epress.am-ի hարցին, թե կոնկրետ ինչ չափի վնաս է կրել ընկերությունը, «Վալեքս գրուպից» պատասխանել են, որ վնասը հիմնականում բաղկացած է «արտադրական աշխատանքների հարկադրական դադարեցման և այլ անձանց անօրինական ոտնձգություններից սեփական տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 15.01.2012 թ. աշխատակիցների հարկադիր պարապուրդի գծով կատարվելիք ծախսերից»:
Ըստ ընկերության ներկայացուցչի` վնասի չափերը ներկայումս ճշտվում են և «հայցապահանջների ներկայացումից հետո հանրությունն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
Epress.am-ի հետ զրույցում բնապահպան ակցիայի կազմակերպիչներից Արման Վերմիշյանը, մեկնաբանելով «Վալեքս» գրուպի հայտարարությունը, ասել է, որ «նման անհեթեթ հայտարարությունը վկայում է այն մասին, թե ընկերությունը ակցիայից հետո խառնվել է իրար»:
«Հաշվի առնելով իրենց նախկին աշխատաոճը` ես կարծում էի, որ իրենք շատ լավ մեզ կդիմավորեն և կուղեկցեն մինչև պոչամբարի տարածք: Բայց, փաստորեն, լրիվ այլ կերպ վարվեցին, որն իրենց շահերից չի բխում»,- ասել է Արման Վերմիշյանը:
Լուսանկարը` ecolur.org-ից