Իտալիայի արևմտյան ափերի մոտ վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի կապիտանը պատահարի պահին երիտասարդ կնոջ հետ ընթրելիս է եղել: Ինչպես պատմել են ղազախստանցի ուղևորները, նա կնոջ հետ գինի էր խմում:
«Կապիտան Ֆրանչեսկոն այն սրահում էր, որտեղ բոլորս էինք ընթրում: Նա նստած էր իր համար հատկացված առանձին սեղանին մի երիտասարդ կնոջ հետ և գինի էր խմում»,- պատմել է ղազախստանցի ուղևորուհին: Եվս մի կին հաստատել է այն լուրերը, համաձայն որոնց, տարհանման մասին մինչև վերջին րոպեն ոչ ոք չի հայտնել: Իսկ ընթացքը, ուղևորների հավաստմամբ, «ահավոր» էր կազմակերպված:
«Երբ մարդկանց մոտ խուճապ առաջացավ, հրմշտոց սկսվեց, քանի որ մարդիկ փորձում էին արագ լաստանավերի մեջ մտնել: Զբոսանավի անձնակազմը բացարձակ պատրաստ չէր էքստրեմալ իրավիճակների և չգիտեր` ինչպես վարվել»,- ասել է նա: «Մեր լաստանավը վարող խոհարարից կես ժամ պահանջվեց, որպեսզի մի քանի մետր տարածք հաղթահարի մինչ ափը»,- պատմել է կինը:
Կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն արդեն ձերբակալված է մասնագիտական անփութության, վնաս հասցնելու և չկանխամտածված սպանության մեղադրանքով: Նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում: Բացի դրանից, բազմաթիվ վկաներ հայտնում են, որ Սկետինոյին տեսել են ափի վրա բոլոր ուղևորներին զբոսանավից տարհանելուց դեռ երկու ժամ առաջ:
Մինոյն ժամանակ, չի բացառվում, որ զբոսանավը կարող էր բախվել ստորջրյա ժայռաբեկորի: «Դատելով ժայռի այն կտորից, որը մխրճվել է նավի մեջ, կարելի է ասել, որ այն բախվել է հենց այն ժայռաբեկորին, որտեղ քրիստոնեության համար հոբելյանական 2000-րդ տարում Քրիստոսի ստորջրյա հուշարձան էր կանգնեցվել`օծված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից»,- հայտարարել է տեղական ստորջրյա ակադեմիայի նախագահ Ալեսանդրո Տոմազին:
Եթե նրա ենթադրությունները հաստատվեն հետաքննության ընթացքում, դա կնշանակի, որ զբոսանավը շեղվել է ուղղությունից և մոտեցել ափին ընդամենը 200 մետր վտանգավոր հեռավորության վրա: Կապիտան Ֆրանչեսկո Սկետանոն իր հերթին պնդում էր, որ այն ժայռաբեկորը, որին բախվել է իր զբոսանավը, ընդհանրապես քարտեզի վրա չի եղել: