Home / Հայաստան / Հայաստանյան միգրացիան բնականոն երևույթ է, պնդում են մասնագետները

Հայաստանյան միգրացիան բնականոն երևույթ է, պնդում են մասնագետները

Հայաստանից միգրացիան բնական գործընթաց է. դա արձագանքն է այն քաղաքականության և այն իրավիճակի, որը ստեղծվել է երկրում` այսօր տարվող քաղաքականության հետևանքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:

«Երկրից հեռանում են այլ երկրներում մարդկային ավելի պահանջված կապիտալ ունեցող անհատները: Բնականաբար այդ կապիտալը ներդրվում է այլ տնտեսությունների մեջ, այլ մշակույթների մեջ, նպաստում այլ երկրների զարգացմանը: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, թե արդյոք մեր իշխանությունները Հայաստանի զարգացման խնդիր են դրել: Եթե իշխանություններն անկախությունից ի վեր խնդիր դնեին երկրի զրագացման և ունենային զարգացման ստրատեգիական ծրագիր, ապա նրանք կհասկանային, որ իրենց անհրաժեշտ են նաև մարդկային այնպիսի ռեսուրներ, որոնք այդ զարգացման երաշխիքը կլինեին: Բայց այսօր մենք չունենք նման խնդիր մենք ընդամենը տառապում ենք հանքերի շահագործման ցավով», – ասել է ազգագրագետը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը համաձայնել է այն մտքի հետ, որ ներկայիս միգրացիան բնականոն երևույթ է:

«Այն, ինչ-որ տեղի ունեցավ վերջին քսան տարում մեր երկրի հետ, ես դժվարանում եմ կոչել կառուցողական զարգացմանը միտված երևույթ: Դա երևույթ էր, որը հնարավորություն է տալիս մեզ գոյատևելու: Մեր բնակչության մի հսկայական զանգված դրսում վաստակում է գումարներ, որը թույլ է տալիս իրեն, իր ընտանիքին պարզ վերարտադրություն իրականացնել», – ասել է  Եգանյանը: