Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ռուսաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանին. վերջինիս մեղադրում են հունվարի 14-ին հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Ներկա պահին Բրյանսկի բնակչի դեմ քրեական գործ է հարուցվել «պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածով: Եթե Գասպարյանին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Նշենք, որ հունվարի 11-ին վրացի սահմանապահները ձերբակալել էին Ադրբեջանի քաղաքացի Իլգար Գուսեյնովին, ով Աբխազիայի տարածք էր մուտք գործել Թբիլիսիի կողմից չճանաչված «Պսոու» անցագրային կետով:
Վրաստանում գործում է «Օկուպացված տարածքների» մասին օրենքը, որի համաձայն Թբիլիսին արգելում է մուտքը Աբխազիա և Հարավային Օսիա Ռուսաստանի տարածքով:
Այսպես, 2009 թվականին նշված օրենքը խախտելու համար բերման էր ենթարկվել ռուսաստանցի Ռուբեն Հովհաննիսյանը, ով ուղևորվում էր Հայաստան Վրաստանի տարածքով: Նրան դատապարտել էին 2 տարվա ազատազրկման, սակայն 2 ամսից վաղաժամ ազատ են արձակել: