Այսօր Ստամբուլի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին, ով անմիջականորեն պատվիրել էր սպանությունը 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին, մինչդեռ մյուս մեղադրյալը` Էրհան Թունչելը, արդարացվել է սպանության մասով, սակայն մեղավոր ճանաչվել մեկ այլ գործով (2004 թվականին «Մաքդոնալդս» ռեստորանի պայթյունը) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, հայտնում է թուրքական Today’s Zaman պարբերականը։
Առաջին ատյանի դատարանում Դինքի գործով 25-րդ դատական նիստը վերջինն էր: Դատարանի վճռի ընթերցումից հետո Դինքի ընտանիքին սատարող մի խումբ մարդիկ իրենց զայրույթն են արտահայտել դատարանի որոշման պատճառով: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը քննադատել է վճիռը` նշելով, որ այն «քաղաքական հանցագործությունների պետական ավանդույթը» անփոփոխ թողեց, քանի որ վճիռը չի ներառում 2007թվականի Դինքի սպանության մեջ պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքները:
«Հինգ տարի տևած դատական ողջ գործընթացում նրանք պարզապես ծաղրում էին մեզ: Չգիտեինք, որ ամենամեծ կատակը նրանք վերջին օրվան համար էին պահել: Այս վճիռը նշանակում է, որ ավանդույթն անփոփոխ մնաց` քաղաքական սպանությունների պետական ավանդույթը: Այն պետության ավանդույթը, որը խտրականություն է դրսևորում իր որոշ քաղաքացիների հանդեպ և նրանց թշնամի է դարձնում», – ասել է փաստաբանը:
Չեթինը խոստացել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները դատարանի վճռի դեմ պայքարելու համար` միաժամանակ վստահեցնելով, որ դատարանի այս որոշումը Դինքի գործի միայն սկզբնական փուլի ավարտն է խորհրդանշում, որն ընդամենը վերաբերում էր մարդասպանին։ Նշենք, որ Դինքի գործով դատախազը նույնպես մտադիր է բողոքարկել վճիռը:
«Հրանտի ընկերներ» խմբի անդամները, որոնք Դինքի գործով յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ դատարանի առջև բողոքի ցույցեր էին կազմակերպում, այսօր ևս իրենց բողոքն են արտահայտել դատարանի որոշման դեմ: Նախքան դատական նիստը նրանք երթ են կազմակերպել մինչև դատարան` ձեռքներին պահելով «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրությամբ պաստառները:
Մինչ դատական նիստը խմբի անունից Գարո Փայլանը կարդացել էր հետևյալ հայտարարությունը. «Այս վճիռը պետության որոշումն է: Նրանք, ովքեր հինգ տարի առաջ որոշեցին Դինքին խլել մեզնից, այսինքն` պետությունը, ժանդարմերիան, հետախուզությունը, դատարանը, ԶԼՄ-ները, կառավարությունը և ընդդիմությունը, ևս մեկ անգամ որոշում կկայացնեն դատարանում: Նրանք կասեն, որ սպանությունը, մեր երկու կամ երեք հոգու ձեռքի գործն էր: Նրանք կփորձեն թաքնվել իրենց մութ աշխարհում: Բայց մենք ճանաչում ենք նրանց: Նրանք չգիտեն մի բան՝ այս գործը չի ավարտվի մինչև մենք չասենք, որ այն իրոք ավարտված է»:
Նա նաև նշել է, որ Դինքի ընկերները կհավաքվեն Թաքսիմ հրապարակում հունվարի 19-ին և կքայլեն դեպի այն վայր, որտեղ սպանվել է Հրանտը՝ այն է «Ակօսի» խմբագրության շենքի մոտ:
«Մենք փողոցում կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել ձեզ մեկ առ մեկ: Հրանտի համար», – հավելել է նա:
Նշենք, որ, համաձայն Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից 5 տարվա ընթացքում հավաքվել են ապացույցներ, որոնց համաձայն լրագրողի սպանության մեջ մեղավոր է ոչ միայն Թունչելը, ով արդարացվեց, այլ նաև տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տեղյակ են եղել սպանության մասին, սակայն ոչինչ չեն արել, որպեսզի կանխեն այն: