Home / Հայաստան / Համացանցում լայնածավալ հարձակում են սկսել Ադրբեջանի իշխանությունների վրա

Համացանցում լայնածավալ հարձակում են սկսել Ադրբեջանի իշխանությունների վրա

AzerianCyberArmy (Ադրբեջանական կիբեր բանակ) հաքերական խումբը հարձակում է գործել Ադրբեջանի պետական մարմինների և իշխանամետ կայքերի վրա:

Նման զանգվածային և ծրագրված հարձակում ադրբեջանական կայքերի վրա երբեք չի եղել: Այս ակցիայի ծավալներն ու հետևանքները թույլ են տալիս խոսել այն մասին, որ Ադրբեջանի դեմ իսկական վիրտուալ պատերազմ է սկսվել համացանցում: Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ինտերնետ-ֆորում» հ/կ-ի ղեկավար Իսման Գյունդուզը:

«Մինչ այժմ հարձակումներ եղել են միայն առանձին կայքերի վրա և առավել հաճախ ոչ կառավարական մարմինների: Սակայն այժմ հարվածի տակ են հայտնվել պետական մարմինները, այդ թվում` ուժային գերատեսչությունները»,-նշել է նա:

Հաքերների հարձակման թիրախ դարձած կայքերում քաղաքական բովանդակությամբ հայտարարություններ են հայտնվել: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են հավատացյալների հավատի ոտնահարման և հակաիսլամիստական քաղաքականության մեջ:

Հունվարի 16-ի կեսօրին իշխող «Ենի Ադրբեջան» (www.yap.org.az) կուսակցության  կայքում տեղադրվել է AzerianCyberArmy խմբի ուղերձը, որում ասվում է. «Ադրբեջանի հարստության վրա աչք դրած Ալիևի ռեժիմն ու նրա սպասավորները հույս ունեն  փրկվել օվկիանոսի փոթորկից Բաքու կոչվող քարերի վրա: Նման գունեղ հույսեր ունեին նաև Բին Ալին, Մուբարաքը, Քադաֆին»:

Պատասխանելով այն հարցին` թե որտեղից կարող է սկիզբ առնել հաքերական հարձակումը. Գյունդուզը պատասխանել է, որ աղբյուրների վերլուծությունը ցույց է տվել, որ հարձակումըւ կարող էր իրականացված լինել Իրանի կողմից: Սակայն վերջնական եզրակացության համար դեռ վաղ է, նշել է փորձագետը:

«Հաքերները նպատակ չեն դրել կոնկրետ գերատեսչության վրա հարձակվել, – ասել է Օսմա Գյունդուզը: – Նրանց հաջողվել է ճեղք գտնել համակարգում, և արդյունքում հարձակման թիրախ են դարձել ամենախոցելիները»:

Հունվարի 16-ի ընթացքում շարունակվում էին հարձակումները պետական մարմինների և իշխանամետ ԶԼՄ-ների կայքերի վրա:

Կիբեր բանակը կոտրել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության, կապի նախարարության, Սահմանադրական դատարանի, Trend տեղեկատվական գործակալության, կրթության նախարարության, azermarka.az,  vet.edu.gov.az; din.gov.az; mia.gov.az կայքերը:

Այնուհետև հաջորդել է հարձակումը Ներքին Գործերի նախարարության կայքի վրա: Շարունակվում էին հարձակումները նաև այլ պետական մարմինների կայքերին:

Որոշ ժամանակ անց որոշ կայքերի գործունեությունը վերականգնվել է: