Այսօր առավոտյան ժամը 09:00-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը հանդիպել է 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ:
Զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հանդիպումը տևել է ընդամենը 25 րոպե, քանի որ Պրեսկոտը շտապում էր Դատախազություն:
«Նա սկզբից ասել է, որ ուզում է իմանալ` արդյոք մենք ՀՔԾ-ի միջանկյալ զեկույցի նյութերին ծանոթ ենք, թե ոչ: Մենք ասացինք, որ այդ զեկույցի մասին իմացել ենք ինտերնետից: Նա հարցրել է, թե արդյոք այդ զեկույցի նյութերը առանց մեզ են կազմել, մենք էլ ասել ենք` այո, առանց մեզ են կազմել: Նա նաև մեզանից իմացավ, որ այս չորս տարվա մեջ ՀՔԾ-ի կազմած նյութերին ծանոթ չենք եղել»,- ասել է Քլոյանը:
Վերջինիս փոխանցմամբ` Պրեսկոտը խոստովանել է, որ ինքն անձամբ ծնողներից էր ցանկանում լսել դրա մասին և որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ վերջիններիս հարցնելու է, թե ինչու է ՀՔԾ-ն առանց զոհերի հարազատների կազմել այդ զեկույցը:
«Ասաց, որ ինքը քննչական մարմին չէ, բայց մեր դարդ ու ցավը լավ գիտի, ու դա այսօր հանդիպումների ժամանակ կներկայացնի»,- ասել է Սարգիս Քլոյանը: