Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում:
«Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն», – ասված է ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ըստ ԱԳՆ-ի` ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են: Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ և արժանանա համաշխարհային հանրության միանշանակ և կոշտ գնահատականին:
Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով», – նշում են հաղորդագրության հեղինակները: