Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի կազմակերպիչները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խուսափեն հակահայկական ելույթներից այդ իրադարձության ընթացքում: Այս մասին GeorgiaTimes-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի երաժշտական քննադատ Արտեմի Տրոյիցկին:
Ըստ նրա` իր հեղինակությունը պահելու համար Ադրբեջանը պետք է Հայաստանին «առավելագույն հարմարավետությամբ և արտոնություններով ապահովի, հանկարծ մի բան չլինի»:
«Եթե հանկարծ հայերը Բաքվում սուլոցների, ինչ-որ նսեմացման, միաժամանակ, Աստված չանի, որևէ կազմակերպչական անախորժության բախվեն, դա պարզապես Ադրբեջանին կհեղինակազրկի ողջ Եվրոպայով մեկ: Եվ ես կարծում եմ, որ ադրբեջանցի կազմակերպիչները դա շատ լավ հասկանում են», – ասել է երաժշտագետը:
«Մյուս կողմից, դահլիճում բազմահազարանոց ամբոխին զսպելը և բղավոցները կամ սուլոցները վերահսկելը գործնականորեն գրեթե անհնար է: Վախենամ, հանկարծ այդ հողի վրա որևէ անախորժություն չլինի: Թեև, ես կազմակերպիչների փոխարեն կդիմեի հանրությանը` ասելով, որ եթե դուք ցանկանում եք, որ մեր երկիրը խայտառակվի ողջ Եվրոպայում, կարող եք տարատեսակ հակահայկական կարգախոսներ հնչեցնել, բայց նկատի ունեցեք, որ դա մեզ վրա ավելի թանկ կնստի», – եզրափակել է Տրոյիցկին: