Հայաստանում 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների արդար և թափանցիկ անցկացմանն աջակցելու համար Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն համատեղ ծրագիր են ընդունել: Ծրագիրը իրականացնելու համար ԵՄ-ը ԵԱՀԿ-ին կտրամադրի 1,7 միլիոն եվրո:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հիշեցրել է, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովում ընդունվել է «ավելին` ավելիի դիմաց» ռազմավարությունը, և քանի որ արդար և թափանցիկ ընտրությունները կարևոր չափանիշ են ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համար, Հրիսթեան խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին օգտագործել թափանցիկ ընտրություններ անցկացնելու շանսն ավելին ստանալու համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ 1,7 միլիոն եվրոն ծախսվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեխնիկական սարքավորումներով, նոր ծրագրերով ապահովվելու, ինչպես նաև աշխատակիցների հետ դասընթացներ կազմակերպելու համար: Հանդիպման մեկ այլ մասնակից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարլ Հոֆստրան նշել է, որ, բացի նշված ծրագրից, ԵԱՀԿ-ն մտադիր է մոնիտորինգ իրականացնել լրատվամիջոցների շրջանում` ուշադրություն դարձնելով, թե որքան անկողմնակալ են լուսաբանվում նախընտրկան գործընթացները: ԶԼՄ-ների մոնիտորինգը ԵԱՀԿ-ն սկսելու է փետրվարի 1-ից:Հոֆստրան հանդիպան ժամանակ մի փոփոխություն է նկատել, որ կարող է, ըստ նրա, դրական անդրադառնալ ընտրությունների վրա. դա է երթերի և հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերանայման և դրա իրագործման հարցում առաջընթացը:
Պաշտոնյան դժվարացել է ասել, թե խորհրդարանական ընտրությունների համար ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը քանի մարդուց է բաղկացած լինելու, սակայն նշել է, որ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի պահանջը` ուղարկել 2000 դիտորդ, չի բավարարվի: