Ապօրինի զենքի ձեռքբերման և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեին բազմիցս սպառնալիքներ հնչեցնելու մեջ մեղադրվող ուզբեկստանցի Ուլուգբեկ Կոդիրովը համաձայնել է խոստովանել է իր մեղքը, հայտնում է Associated Press-ը:
Կոդիրովի կողմից իր մեղքի ընդունման հայտարարությունը կարվի փետրվարի 10-ին Բըրմինհեմում կայանալիք դատական նիստի ժամանակ:
Ուլուգբեկ Կոդիրովը ձերբակալվել է 2011 թվականի հուլիսի 13-ին Ալաբամայի հյուրանոցներից մեկում: Նրա ձերբակալությունը ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունք էր: Գաղտնի կերպով գործող գործակալներին նա բազմիցս հայտարարել էր, որ պատրատսվում է սպանել Բարաք Օբամային: Նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ քաղաքացիական հագուստով գործակալներից M15 հրացան էր ձեռք բերել:
Ավելի ուշ պարզվել էր, որ Կոդիրովը ԱՄՆ տարածքում է ապօրինի է բնակվում: Ուսանողական վիզան, որով նա երկիր էր ժամանել, չեղյալ էր հայտարարվել 2010 թվականի ապրիլին:
Ձերբակալությունից հետո Ուլուգբեկ Կոդիրովն իրեն մեղավոր չէր ճանաչում: