«Հիմար ասեմ` թող չնեղանան: Ինչ-որ հիմար բանից որոշել են, որ ընտրական ստորագրված ցուցակները գաղտնիություն են պարունակում, ընտրողը կենդանի գալիս-մտնում է ընտրատարածք, նկարահանում են, բոլորը տեսնում են, որ եկել է, բայց որ ստորագրել է, որ մասնակցել է ընտրությանը, դա գաղտնիք է: Ընդ որում, ասեմ՝ ըստ օրենքի, դիմող կողմը վերահաշվարկի ժամանակ կարող է ծանոթանալ ստորագրված ցուցակներին, այդ ո՞ր գաղտնիության մասին է խոսքը: », – այս մասին այսօր լրագրողների հետ հադիպմանը խոսելով ընտրությունների մասին` ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը` հիշեցնելով, որ երկար տարիներ է՝ իրենք պնդում են, թե պետք է հրապարակել ընտրական ցուցակները:
Պատգամավոր Վարդան Այվազյանը հարցրել է, թե հիմա հիմարն ո՞վ եղավ, ու հորդորել «լեքսիկոնին ուշադիր լինել»:
Այվազյանը հայտարարել է, որ ոչխար է այն մարդը, ով իրեն խոտան է անվանում:
«Որևէ մեկի թույլ չեմ տա վիրավորել ինձ, իմ ընկերներին ու ԱԺ-ն խոտան անվանել,- սպառնացել է Վարդան Այվազյանը և շարունակել, – Թե՞ ձեզ թվում ա հելել եք, դարձել եք Տորք Անգեղներ, ամեն անգամ մեր վրա եք գոռգոռում, գիտեք, թե վախեցող կա՞»:
Ի պատասխան` Ֆելիքս Խաչատրյանը հիշեցրել է, որ ԱԺ-ն խոտան է անվանել Խոսրով Հարությունյանը, և խորհուրդ տվել Այվազյանին դիմել վերջինիս, ոչ թե իրեն:
Նա նաև հիշեցրել է, որ ժամանակին Այվազյանը եղել է ՀՀՇ անդամ և ամեն անգամ փոխել է կուսակցությունը, ինչին Այվազյանը պատասխանել է.
«1999-ին Այվազյան Վարդանը շատ հստակ անցել է 19 հոգու միջից ու որևէ մեկի մինչ այսօր չի ասել՝ իմ անցյալի մութ էջերը հանկարծ չբացեք: Հիմա էլ հայտարարում եմ՝ տղամարդ եմ ման գալիս ձեր կուսակցությունից, որ նույն տեղում գա հետս դնի (նկատի ունի` առաջադրվի – Epress.am)»:
Խաչատրյանը հակադարձել է, որ ցանկացած տղամարդ պատրաստ է գնալ այդ քայլին, եթե ապահովեն արդար ու մաքուր ընտրություն: