Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Երևան եկող ավտոբուսի 47 ուղևորներ, որոնք չորեքշաբթի օրվանից պատանդ էին պահվում ավտոբուսի թուրք և վրացի 2 վարորդների կողմից Բագրատաշենի անցակետի մոտ Վրաստանի կողմից, րոպեներ առաջ իրենց իրերով մոտեցել են հայ-վրացական սահմանին` այն հատելու համար:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս նշել է, որ այդ տեղեկատվությունը րոպեներ առաջ իրենք ստացել են Վրաստանի դեսպանատնից:
Հիշեցնենք, որ ուղևորներին չորեքշաբթի օրվանից վարորդները թույլ չէին տալիս իջնել ավտոբուսից:
Ուղևորներին պատանդ պահելու պառճառն այն էր, որ վարորդները պայմանագիր են կնքել ինչ-որ ընկերության հետ, որը սակայն նրանց գումարներ չի տվել, այդ պատճառով էլ վարորդները հրաժարվում էին առաջ շարժվել` փակելով մարդկանց ավտոբուսում: Խնդրով զբաղվում էր Վրաստանում Հայաստանի հյուպատոսը: