Վերջին տարիներին ակտիվացած վրաստանյան ռուսաֆիլները ամենատարբեր ֆոբիաներն են խաղարկում, որոնք շատ հաճախ հակասում են միմյանց: Այս մասին «Գրուզիա օնլայն» կայքում գրում է վերլուծաբան Թենգիզ Աբլոտիան:
«Այսպես, օրինակ, ֆոբիաներից մեկն այն է, որ Արևմուտքը` ի դեմս կաթոլիկների, սատանիստների, եհովականների և համաշխարհային վարագույրների հետևում գործող այլ գործակալների, երազում է ինքնատիպ Վրաստանը դարձնել փտող Արևմուտքի հավելված, որ ողջ արևմտյան քաղաքակրթությունը մի մեծ գեյ-շքերթ է:
Վախեցնում են նաև հայկական վտանգով. իբր թե հայերը նվաճում են Վրաստանի ափամերձ հողերը, սողոսկել են երկրի բարձրագույն իշխանական կառույցներ, զավթում են շահութաբեր օբյեկտները, մեծ ծավալներով գնում են վրացական մրգեր ու բանջարեղեն, և ուր որ է Ախալքալաք-Բաթումի միջանցք կբացեն, և հաջողություն, Վրաստան:
Բայց առավել մեծ ժողովրդականություն է վայելում 90-ականների սկզբում առաջացած թուրքական սպառնալիքի մասին հեքիաթը: Իբր թե Թուրքերը աստիճանաբար զավթում են Վրաստանի տնտեսության վերահսկողական բարձունքները, բայց ամենասարսափելին այն է, որ այսօր կամ վաղը նրանք կպոկեն Աջարիան: Բացի դա, փաստարկներ են բերվում այն մասին, որ իբր թուրքերն ամենուր հայտարարում են, որ Բաթումին իրենց քաղաքն է, և որ նրանք այն շուտով իրենց կվերադարձնեն:
Եթե լսես նրանց, ապա այսօր Բաթումիում ամեն քայլափոխի մզկիթներ են կառուցվում, ինքնավար հանրապետության լեռնային շրջաններում առատորեն փթթում է վահաբիզմը, որ Բաթումիում տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը թուրքեր են, նրանք անողոքաբար շահագործում և նսեմացնում են դժբախտ, ոտնահարված իրավունքներով վրացիներին»,-գրում է լրագրողը:
Իրականում, ըստ Աբլոտիայի, միմյանց հակասող այս բոլոր սարսափելի պատմությունները հիմարություն են: «Վրաստանը չի կարող միաժամանակ ենթարկվել բռնի եվրոպականացման, հայկականացման և թրքացման, կամ մեկը կամ մյուսը, կամ երրորդը»,-գրում է վերլուծաբանը: