Facebook սոցիալական ցանցում նոր էջ է ստեղծվել՝ «Ժողովուրդն ընդդեմ Վովա Գասպարյանի»: Էջի հեղինակը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանն է: Epress.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ էջը նպատակ ունի «Բանակն իրականում» շարժման ուշադրությունը պահել Վովա Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից հարուցված դատական գործի ընթացքի վրա:
Սաքունցը դիմել է դատարան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի, քանի որ վերջինս դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: ՀԿ-ն պահանջում է, որ Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի` Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող որդեկորույս մայրերին վիրավորելու համար, հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բռնագանձի 10 (տասը) ՀՀ դրամ:
«Իհարկե, այդ 10 դրամը սիմվոլիկ գումար է: Ուղղակի կաևոր է մեզ համար, որ ժողովրդի համար աշխատող, մեր հարկերի հաշվին աշխատավարձ ստացող բարձրաստիճան պաշտոնյան հաշվի նստի ժողովրդի հետ և անպարկեշտ արտահայտություններ թույլ չտա այն էլ հրապարակայնորեն` հարցազրույցներում»,- ասել է Լալա Ասլիկյանը:
Հիշեցնենք, որ Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում,մասնավորապես, ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Դատական հայցը կքննվի վաղը` հունվարի 24-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: