ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար:
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր:
Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ:
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: