Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի հարցերով կազմակերպությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, դիմել է Իտալիայի իշխանություններին`խնդրելով թույլ չտալ զբոսանավերին մոտենալ երկրի ափերին, քանի որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել այնպիսի մշակութային օբյեկտների, ինչպիսին են Վենետիկը և Վենետիկյան ծովածոցը, հայտնում է Reuters-ը:
Իտալիայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարին նամակ է ուղարկվել զբոսանավերի հոսքը տարածաշրջան սահմանափակելու խնդրանքով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների խոսքով` տարեկան մինչև 300 զբոսանավ է մտնում Վենետիկյան ծովածոց: Այս նավերը խոշոր ալիքներ են բարձրացնում, հանգեցնում են շենքերի հիմքի քայքայման և ծովածոցի աղտոտման:
Վենետիկը, որը Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն է, աստիճանաբար ջրի տակ է անցնում, 20-րդ դարի ընթացքում ցամաքային հատվածը ծովածոցի մեջ է խրվել 23 սմ-ով: Գիտնականների հաշվարկներով Վենետիկը մինչև 2028 թվականը կարող է բնակության համար անպիտան դառնալ: