Home / Հայաստան / Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվածներն աշխատում էին չխառնել իրենց խմբերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվածներն աշխատում էին չխառնել իրենց խմբերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր առավոտյան Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ դրվել է առաջին շնորհակալական ծաղկեփունջը, ավելի ուշ ծաղկեփնջերը ավելացել են, ավելացել է նաև մարդկանց հոսքը դեպի դեսպանատուն:

Epress.am-ի հետ զրույցում  Ֆրանսիայի  դեսպանատան աշխատակիցներից մեկը պատմել է, որ վաղ առավոտյան մի մեքանա կանգնեց դեսպանատան  դիմաց, միջին տարիքի տղամարդ մոտեցավ ճաղավանդակներին, վարդերի փունջ թողեց, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ:

«Երբ փորձեցինք հետաքրքրվել` ումից է, ասաց՝  հայ եմ»,- պատմել է նա:

Ավելի ուշ դեսպանատան մոտ իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀԿ Երիտթևի, «Միասին» երիտասարդական շարժման, «ՀՅԴ» երիտասարդական միության, «ՀՅԴ Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչներ, ուսանողներ, մտավորականներ, հասարակ քաղաքացիներ:

Նրանք այս ակցիայով  երախտիքի խոսքն են հայտնել Ֆրանսիային ու խորհուրդ տվել ցեղասպանությունը ժխտող ու հերքող  մյուս երկրիներին հետևել Ֆրանսիայի օրինակին:

Կեսօրին մոտ դեսպանատան մոտ են հավաքվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության   երիտասարդական  թևի ներկայայցուցիչները: Նրանք շտապել են իրենց երախտիքի խոսքը նամակով հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին:

Մինչ դեսպանը դուրս կգար նրանց ողջունելու, ՀՀԿ, ՀՅԴ  ու ԲՀԿ երիտասարդները դեսպանատան մոտ կանգնել են առանձին խմբերով: Նրանք աշխատում էին չխառնել իրենց խմբերը ու ԲՀԿ դրոշով, օրինակ, չկանգնել ՀՀԿ կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մոտ:

Քիչ ավելի ուշ` անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ԲՀԿ-ի  երիտասարդական  թևի ներկայացուցիներին է մոտեցել դեսպան Անրի Ռենոն, ում  երիտասարդ ԲՀԿ-ականները դիմավորել են ծափողջույններով ու «մերսի» վանկարկումներով ու  հանձնել  իրենց շնորհակալագիրը:

Դեսպանը հայտարարել է, որ տվյալ օրինագիծն ուղղված է պաշտպանելու կենդանի մնացածների տառապանքը:

«Հույս ունենք, որ այս օրինակին կհետևեն ուրիշները ևս»,- ասել է Ռենոն: