01:25 Ֆրանսիայի Սենատը մոտ 6 ժամ տևած քննարկումների արդյունքում վավերացրեց Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը երկրի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր դեկտեմբերի 22-ին: Օրինագծի վավերացմանը կողմ քվեարկեցին Սենատի 127 ներկայացուցիչներ, դեմ՝ 86: Օրինագիծը օրենքի ուժ կստանա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացումից հետո, ինչը, ֆրանսիացի վերլուծաբանների գնահատմամբ, ձևական բնույթ է կրում, քանի որ նախագահը բազմիցս կողմ է արտահայտվել օրինագծին: Ակնկալվում է, որ Սարկոզին օրինագծի տակ իր ստորագրությունը կդնի մեկ ամսվա ընթացքում: Նշենք, որ, օրենքի համաձայն, Հոլոքոստի կամ Հայոց Ցեղասպանության հրապարակային հերքման համար սահմանվում է 1 տարվա ազատազրկում կամ 45000 եվրո տուգանք: Սենատի որոշումը Վերին պալատի շենքի մոտ հավաքված հարյուրավոր հայեր ծափերով են դիմավորել, որից հետո սկսել են երգել «Զարթնիր, լաո»-ն:
23:04 Ֆրանսիայի Սենատը այս պահին քվեարկության է դնում Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծում 4 փոփոխություններ մտցնելու առաջարկները: Յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ առանձին քվեարկություն կլինի: Փոփոխությունների վերաբերյալ որոշումներից հետո միայն օրինագիծն ամբողջությամբ կդրվի քվեարկության: Նշենք, որ փոփոխությունները առավելապես վերաբերում են առանձին բառերի, օրինագծի հիմնական բովանդակությունը չի փոփոխվի:
23:00 Ֆրանսիայի Սենատը րոպեներ առաջ դեմ է քվեարկել Սենատի Իրավական հանձնաժողովի առաջարկությանը, որը կոչ էր անում մերժել դեկտեմբերի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված Ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Սենատը չի ընդունել Իրավական հանձնաժողովի մերժումը: Այսինքն, դա նշանակում է, որ Ցեղասպանությունների մասին օրինագիծը դրվում է Սենատի ընդհանուր քվեարկության: Այժմ կշարունակվի քննարկումը , որի արդյունքում Սենատը վերջնական որոշում կկայացնի օրինագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավական հարցերով հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որի մեջ, մասնավորապես, ասվում էր.
«Ցեղասպանություն է եղել, և հանձնաժողովը ցանկանում է իր անսահման հարգանքն արտահայտել հայ ժողովրդի հանդեպ, և այն սարսափելի ողբերգությանը, որ նրանք ապրել են:
Բայց հանձնաժողովը, օրենսդիր մարմնի կողմից պատմական դաշտի մեջ մտնելու օրինականության վերաբերյալ կասկածներ ունի և առաջարկում է, որպեսզի օրենսդրական բանաձևերը ավելի շատ կարեկցանք արտահայտող լինեն, քան խոսքը քրեականացնող»: