Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը խաչ է քաշում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Փարիզի միջնորդական առաքելության վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ղուդրաթ Հասագուլիևը:
Նրա կարծիքով` պաշտոնական Բաքուն պետք է Ֆրանսիային Մինսկի Խմբի համանախագահությունից դուրս մղելու վերաբերյալ անհապաղ որոշում կայացնի: Պատգամավորը նաև նշել է, որ այս օրենքի ընդունումը ազդում է ոչ միայն ֆրանս-թուրքական, այլ նաև Ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Ըստ Հասանգուլիևի` այս հարցը փետրվարի 1-ին քննարկման կդրվի Միլի Մեջլիսում. «Բացի դա, մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ»,- հավելել է խորհրդարանականը:
Այլ կարծիքի է «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն: Նրա խոսքով` մինչև Ֆրանսիայի և Թուրքիայրի միջև հարաբերությունները չկարգավորվեն, Եվրամիության դռները վերջինիս համար փակ կմնան. «Եվ հարաբերությունների վատթարացման պարագայում այս հարցում որևէ առաջընթաց ակնկալելը աբսուրդային կլիներ: Կարծում եմ, որ Թուրքիան այս ուղղությամբ մի շարք սխալներ է թույլ տալիս: Պաշտոնական Անկարան այլ պետությունների նման քաղաքականությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարավորություն է տալիս: Այսպիսի հարցերում, իմ կարծիքով, Թուրքիան պետք է ավելի հանդուրժող և սառնասիրտ վերաբերմունք ցուցադրի»:
Նա նշել է, որ Ֆրանսիայի այս որոշումը չպետք է այդքան կարևոր դեր խաղար Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ. «Ցավոք սրտի, Թուրքիան ծայրահեղական դիրք գրավեց, և դրան վերաբերվեց այնպես, կարծես դա կենացմահու խնդիր էր: Կարծում եմ, որ այդ գործընթացը այլ եվրոպական երկրներում ևս կշարունակվի: Առնվազն այդ հարցը քննարկումների առարկա կդառնա, որը, իր հերթին, Թուրքիայի վրա ազդելու գործիքի կվերածվի»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա, Ագազադեի խոսքով, այն պետք է «եղբայր պետության կողքին» լինի: «Սակայն պետք չէ ինքդ քեզ Հռոմի պապից ավելի կաթոլիք ներկայացնես: Դա սխալ քայլ է: Ադրբեջանը տարածաշրջանում և աշխարհում այնպիսի ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա, ինչպես Թուրքիան: Միաժամանակ, մենք պետք է ցուցադրենք աշխարհին, որ մենք ցանկացած հարցում պաշտպանում ենք Թուրքիային»,- ասել է նա: